Քաղաքային իշխանությունները հաճախ շեշտում են, թե Երևանում հասարակական տրանսպորտի համակարգն արդեն «բարեփոխված է»։ Սակայն իրական պատկերը, նույնիսկ անզեն հայացքով, վկայում է՝ այս ոլորտում դեռ բազմաթիվ խնդիրներ կան։
MediaHub-ը հիշեցնում է, որ 2025 թվականի հուլիսի 3-ին ԱԺ–ն ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը նախատեսում է տուգանքների համակարգ Երևանի հասարակական տրանսպորտով առանց վճարման երթևեկելու կամ ուրիշի զեղչված տոմսային քարտն օգտագործելու համար։ Այսպես, տրանսպորտ նստելու պահին տոմսը կամ կրիչը չվավերացնելու համար նախատեսված է 3 հազար դրամ տուգանք, 10 հազար դրամ՝ առանց ուղևորության համար վճարելու տրանսպորտից օգտվելու և 15 հազար դրամ՝ ուրիշի զեղչված տոմսային քարտն օգտագործելու համար։
Ինչպես նախկինում արդեն հայտնել էինք, օրենքով վերահսկողության իրականացումը վերապահվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությանը։ Նշված ծառայության աշխատակիցներն արդեն սկսել են տուգանել ուղևորներին, ովքեր տրանսպորտից օգտվում են առանց վճարելու կամ խախտում են կանոնները։
MediaHub-ին դիմած քաղաքացիներն ահազանգում են, որ հասարակական կարգի պահպանության աշխատակիցների արտաքին տեսքը ոչնչով չի տարբերվում սովորական ուղևորներից։ Նրանք չեն կրում հատուկ համազգեստ կամ անվանաքարտ (բեյջ), ինչը կասկածներ է առաջացնում նրանց լիազորությունների վերաբերյալ։
«Հասարակական տրանսպորտում ինձ մոտեցան մարդիկ, որոնք պահանջում էին, որ բանկային քարտս կամ հեռախոսս մոտեցնեմ մի սարքի, որը նման էր գումար գանձող սարքի։ Նրանց հագուկապը սովորական էր, ոչ մի բեյջ կամ նշան չկար, որը կհաստատեր, որ իրենք հասարակական կարգի պահպանության աշխատակից են։ Իսկ եթե մի օր խաբեբաներ նույն կերպ ներկայանան որպես քաղաքապետարանի ներկայացուցիչ և մարդկանցից գումար գանձե՞ն։ Մեր պահանջն է՝ ծառայության աշխատակիցները կրեն պատշաճ համազգեստ ու տարբերակիչ նշաններ՝ քաղաքացիներին շփոթության մեջ չգցելու համար»,– նշեց մեր զրուցակիցը։
MediaHub-ը հարց ուղղեց Երևանի քաղաքապետարանին՝ արդյո՞ք պատրաստվում են հասարակական կարգի պահպանության աշխատակիցներին համազգեստ տրամադրել։
Քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան նշեցին, որ հասարակական կարգի պահպանության աշխատակիցները շուտով կունենան հատուկ համազգեստ, գործընթացն ընթացքի մեջ է։ Այսինքն՝ մի քանի ամիս պատրաստվում էին մի համակարգի ներդրման, սակայն մինչ այս պահը մի շարք հարցեր բաց են մնում և աշխատանքը, ինչպես միշտ, թերի է արվում:
Մարիաննա Արամյան