Հայաստանի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը կարևոր կոչով դիմել է ազգային հավաքականի թիմակիցներին, գլխավոր մարզչին և երկրպագուներին։
«Կյանքում, և հատկապես ֆուտբոլում, լինում են պահեր, երբ դժվար է մի վայրկյանում ճիշտ որոշում կայացնել։ Ցավոք, իմ վերջին խաղում, տրվելով էմոցիաներին, սխալվեցի։ Շատ եմ ափսոսում, որ առաջիկա կարևոր խաղերում չեմ կարող լինել դաշտում և օգնել թիմակիցներիս։
Մեր ազգային թիմը միշտ պայքարում է մինչև վերջ, և վստահ եմ՝ տղաները ամեն ինչ կանեն ամբողջ սրտով ու ամբողջ ուժով։
Շնորհակալ եմ մեր գլխավոր մարզչին, թիմակիցներիս ու մեր հավաքականի երկրպագուներին՝ աջակցության, վստահության ու այն ջերմության համար, որը զգում եմ անգամ այս դժվարին պահին։ Դա շատ մեծ ուժ է տալիս ինձ։
Այսօր առանձնապես գնահատում եմ մեր թիմի միասնությունը։ Մեր թիմում ձևավորվել է առողջ և միավորված միջավայր, որտեղ նման դժվարությունները հաղթահարելը ավելի հեշտ է»,- Բարսեղյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի որոշմամբ՝ Բարսեղյանը որակազրկվել է երեք խաղով և բաց կթողնի նոյեմբերին կայանալիք երկու ընտրական հանդիպումները՝ Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ, ինչպես նաև ազգային թիմի հաջորդ պաշտոնական խաղը։ Երրորդ բաց թողնված հանդիպումը կլինի կամ հնարավոր փլեյ-օֆֆի առաջին խաղը (եթե Հայաստանը զբաղեցնի երկրորդ տեղը F խմբում), կամ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի մեկնարկային հանդիպումը։
Armsport
