Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Հայաստանի պատվիրակությունը Փարիզում քննարկել է փոքր մոդուլային ռեակտորների կիրառման հնարավորությունը

Blog Image

2025 թվականի նոյեմբերի 4–6-ը Փարիզում (Ֆրանսիա) կայացավ միջուկային ոլորտի առաջատար միջազգային միջոցառումներից մեկը՝ World Nuclear Exhibition 2025 ցուցահանդեսը, որին մասնակցեց Հայաստանի էներգետիկ ոլորտի պատվիրակությունը։

Պատվիրակության կազմում էին ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանը, «Արմատոմ գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը, ՏԿԵ նախարարության Էներգետիկայի վարչության պետի պարտականությունները կատարող Հովհաննես Աբրահամյանը, «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ինչպես նաև «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը։

Ցուցահանդեսի ընթացքում հայկական պատվիրակության մի շարք աշխատանքային հանդիպումներ կազմակերպվել էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ։ Հանդիպումներին մասնակցել են նաև դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները՝ Արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանի գլխավորությամբ։

Միջոցառման շրջանակում հայկական կողմը իրականացրեց մի շարք պաշտոնական աշխատանքային հանդիպումներ EDF, ORANO, JAVYS և այլ առաջատար միջուկային տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների և մասնագետների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ԱԷԿ-ի անվտանգ և հուսալի շահագործման շարունակական բարելավման ուղղությունները, կայանի արդիականացման և սարքավորումների տեխնիկական նորացման ծրագրերը, փոքր մոդուլային ռեակտորների (SMR) հնարավոր կիրառման հեռանկարները Հայաստանում, միջուկային վառելիքի ցիկլի կառավարման և ռադիոակտիվ թափոնների մշակման արդիական լուծումները, ինչպես նաև մասնագիտական կարողությունների զարգացման, վերապատրաստման և գիտատեխնիկական փորձի փոխանակման նախաձեռնությունները։

Քննարկումների արդյունքում կողմերը վերահաստատեցին համագործակցության շարունակականությունն ու պատրաստակամությունը՝ պահպանելու միջազգային անվտանգության բարձրագույն չափանիշները, զարգացնելու միջուկային էներգետիկան որպես կայուն և պատասխանատու էներգետիկ լուծում, և խորացնելու երկարաժամկետ ռազմավարական գործընկերությունը։

Հայաստանի պատվիրակության մասնակցությունը World Nuclear Exhibition 2025 ցուցահանդեսին կարևոր քայլ է՝ ուղղված միջուկային անվտանգության մշակույթի ամրապնդմանը, արդիական տեխնոլոգիաների և առաջավոր լուծումների ներդրմանը, ինչպես նաև միջազգային գործընկերային կապերի ընդլայնմանը, ինչը նպաստում է Հայաստանի միջուկային էներգետիկայի կայուն և անվտանգ զարգացմանը։

Send