2023 թվականին տեղի ունեցավ Մարտունու ԲԿ-ի բացման արարողությունը, սակայն այն սկսեց գործել ավելի ուշ՝ 2024 թվականից։
Բժշկական կենտրոնի շուրջ քննարկումները եղել են մշտապես՝ սկսած անորակ շինարարական նյութերից, ոչ պատշաճ սարքավորումներից ու տեխնիկական մի շարք խնդիրներից մինչև անձնակազմի ոչ բարեհամբույր վերաբերմունքը հիվանդների նկատմամբ։
Այս ամենից զատ ուշագրավ էր նաև այն, որ ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանն ազատվեց աշխատանքից, սակայն որոշ ժամանակ հետո նշանակվեց ժամանակավոր պաշտոնակատար։
2024 թվականի դեկտեմբերի 2-ին հանձնաժողովն իր քվեարկությամբ՝ ձայների 7 կողմ հարաբերակցությամբ, Անդրանիկ Հարությունյանին չթողեց մասնակցել մրցույթին, քանի որ նա չուներ 3 տարվա մասնագիտական ստաժ։ Սակայն, այս հանգամանքը չխանգարեց, որ Գեղարքունիքի մարզպետը Անդրանիկ Հարությունյանին նշանակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Այսինքն՝ ստացվում է, որ Անդրանիկ Հարությունյանը մրցույթը չէր հաղթահարել, քանի որ մասնագիտական առումով չուներ անհրաժեշտ հմտություններ, մինչդեռ մարզպետարանն ընդունել էր այդ փաստաթղթերը և ոչ մի լիազորված գործիքով չէր ստուգել դրանց հավաստիությունը։
MediaHub-ի տեղեկություններով՝ նախարարության բոլոր փաստարկներին և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հարցմանը մարզպետարանում ընդդիմացել են՝ պնդելով, որ այդ փաստաթղթերը իրավաչափ են, և պետք է Անդրանիկ Հարությունյանը մասնակցի մրցույթին։
Այս ոչ օրինաչափ գործողություններով լի գործը հասել է նույնիսկ Քննչական կոմիտե, որտեղից էլ Mediahub-ին հայտնեցին՝ ԲԿ-ի մասով մեկ վարույթ կա՝ Քրեական օրենսգրքի 277–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետի հատկանիշներով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը)։
«Մարտունու ԲԿ-ի մասին այս մեկ քրեական վարույթն է, որով կատարվում է նախաքննություն, որով մեղադրյալներ չկան»,-մեզ հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
MediaHub-ի հետ զրույցում սկանդալների կենտրրոնում հայտնված Մարտունու ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը հերքեց, թե չի ունեցել պահանջված ստաժը, հավաստիացրեց՝ «1995-ից աշխատել է հիվանդանոցում (1 տարի 6 ամիս), դրանից հետո աշխատել է դեղատանը, սակայն այնտեղ աշխատանքային գրքույքում լրացված չի եղել»։ Սա է իր պարզաբանումը մեր հարցմանն ի պատասխան:
Հարությունյանի խոսքով՝ դատարանը վճիռն արդեն կայացրել է․ փաստը հաստատվել է, որ այդ տարիներին նա աշխատել է դեղատանը։
«Քննչականը թող իր եզրակացությունը տա, իրենց աշխատանքները ավարտվեն, մնացածը կինանաք էլի»,- բավականին հակասական պատասխան տվեց նա: Եվ հավելեց՝ ինքը պաշտոնավարելու է առաջիկա հինգ տարիներին:
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 12-ին Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հրամանով ազատվել է պաշտոնից` իր դիմումի համաձայն, և հենց նույն օրն էլ մարզպետը նրան կրկին նշանակել է Մարտունու ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ 3 ամիս ժամկետով:
Էմմա Մարտիրոսյան