Մի քանի օր առաջ դատարանն անմարդկային որոշում կայացրեց՝ 8 ամսական երեխայի մայր Լիանա Հարությունյանին 3 ամսով կալանավորեցին. նրա խնամքի տակ է երեք անչափահաս երեխա։
8 ամսական երեխան ՔԿՀ տեղափոխվեց Լիանա Հորությունյանի հետ, պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ «Աբովյան» ՔԿՀ-ում բանտախուցը բացարձակ պիտանի չէ որպես 8 ամսական երեխայի պահման վայր։ Եվ երեխան առողջական խնդիրներ է ունեցել. ըստ Փոստանջյանի՝ երեխային բուժօգնություն է տրամադրել «Աբովյան» ՔԿՀ-ի բուժքույրը, ով հայտնել է, որ անհրաժեշտ է երեխային տալ «Սմեկտա» դեղամիջոց և հեղուկ, այսինքն, մանկահասակ երեխային մանկաբույժը չի զննել:
Երեկ Լիանա Հարությունյանը և նրա փոքրիկ դուստրը՝ Ջուլիան, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվեցին հիվանդանոց։ Երեխայի մոտ փորլուծություն է եղել։ Փոստանջյանի համոզմամբ՝ բանտախուցը, որտեղ գտնվում էր փոքրիկ Ջուլիան և նրա մայրը, բացարձակ պիտանի չէ որպես ութ ամսական երեխայի համար կեցության վայր: ՀՀ քրեակատարողական ծառայությունը հրապարակեց խցի պայմանների լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված անձը և նրա երեխան, հորդորելով Փոստանջյանին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հետ կապ չունեցող լուսանկարներ չհրապարակել և հասարակությանը չգցել մոլորության մեջ։
Ինչպե՞ս է այժմ Լիանա Հարությունյանը և իր փոքրիկը, ի՞նչ նորություններ կան․ MediaHub-ը զրուցեց փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ։
«Այո՛, դեռ հիվանդանոցում են... մի կերպ տեսա Լիանային, թույլ չէին տալիս, բայց տեսա, երեխան փորլուծություն է ունեցել, աղիների հետ կապված է խնդիրը եղել։ Այո՛, բանտախցում չկար տաք ջուր հասարակ կերակուր պատրաստելու համար, դրա համար էլ աղիները այս օրին են, այժմ երեխայիին դիետա է պետք։ Սենյակում շոգ էր, վարագույր չկար, ՔԿՀ-ի այդ սենյակը պիտանի չէ որպես 8 ամսական երեխայի պահման վայր: Անգամ երեխայի համար սայլակ չկար, որ մայրը ճոճեր երեխային: Ավելին՝ ՔԿՀ–ի տարածած նկարներն իրականությանը չէին համապատասխանում, երեխան նաև պետք է ունենար դուրս գալու հնարավորություն, ճաշ, շիլա պատրաստելու հարմարություն պետք է լիներ»,- նշեց Փոստանջյանը։
Նա պատմեց, թե «այն պյուրեն, որ տվել էին, հնարավոր է, թթված է եղել, հնարավոր է փորլուծությունը հենց այդ պյուրեից լինի»։
«Ամենաբարդ շրջանն է երեխայի մոտ, ատամ պետք է հանի, չոչ է անում, կրծքի երեխա չէ, իրեն պյուրեներ են պետք նորմալ պատրաստված։ Ամբողջ գիշեր տաք ջուր չի եղել ՔԿՀ–ում, որ օրը նշված է բաղնիքի օր՝ այդ օրն են տաք ջուրը միացնում»,- նշեց Փոստանջյանը։
Նա մեզ հետ զրույցում նաև նշեց, որ երեխայի համար 6 համարի տակդիր են տվել, բայց երեխան 3-րդ համար է հագնում, արդյունքում երեխան, որ ամբողջ գիշեր փորլուծություն է ունեցել, նրա մեջքը կեղտոտվել է, մաշկը կարմրել, ու անգամ տաք ջուր չի եղել, որ մայրը նրան մաքրի։ Երեխայի մաշկը կարմրած ու ցանավորված է եղել։
Հարցին, թե արդյո՞ք ՔԿՀ–ում պայմանները կփոխվեն, կամ ի՞նչ են պատրաստվում անել, Փոստանջյանը պատասխանեց․ «Հույս ունեմ, որ հիվանդանոցից այլևս այդտեղ չի գնա, երեխային չեն տանի այդ կտտանքների արժանացնեն: Եվրոպական դատարան բողոք եմ ներկայացրել, որ հրատապ միջոց կիրառեն, որովհետև սա խայտառակություն է: Գնում եմ, բողոքները ներկայացնեմ։ Եթե երեխային հետ տանեն ՔԿՀ, նշանակում է կսպանեն այդ երեխային, իրենք դա են ուզում»։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք եթե Լիանան մնար ազատության մեջ, կխոչընդոտեր գործի ընթացքին, ինչո՞ւ նման խիստ որոշում կայացվեց նրա նկատմամբ, Փոստանջյանը նշեց․ «Իհարկե՝ ո՛չ, ինքը չի խոչընդոտել, իր փաստաբանը չէր գալիս, դատարանին դիմել է, որ փոխեն փաստաբանին, մեկ անգամ դատական նիստի չի մասնակցել, դա խոչընդոտ չի, չէր էլ կարող խոչընդոտեր։ Դատական վճիռ չի էլ կարող լինել, գործը բացարձակ հեռանկար չունի»։
Այս պահին Փոստանջյանը երեք բողոք է պատրաստվում ներկայացնել. մեկը՝ Վերաքննիչ դատարան, երկրորդը՝ դատավորին, որ խափանման միջոցը փոխի, երրորդն էլ ՄԻԵԴ։
Նշենք, որ Լիանա Հարությունյանը, ըստ մեղադրանքի՝ «օժանդակել է Անանիա Շիրակացի միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանին և պրոռեկտոր Դավիթ Մադոյանին, իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ, Հնդկաստանի 16 քաղաքացու անօրինական միգրացիան կազմակերպելուն»։
Մարիաննա Արամյան