Երևանի քաղաքապետարանը վերջապես «ֆայմել» ու մի լավ բան է արել մայրաքաղաքի փողոցներով երթևեկող վարորդների համար։ Մի քանի օր է՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկի թարթող լուսացույցը դարձել է կարգավորվող, ինչը արդեն գրեթե կզրոյացնի վթարների հավանականությունն այս խաչմերուկում։ Ու այս պարզ, բայց կարևոր փոփոխության հարցում մենք էլ մեր ներդրումն ունենք, քանզի մենք՝ որպես այդ փողոցավ հաճախ երթևեկող և ամեն անգամ մի կերպ վթարից խուսափող վարորդ-լրագրող, հաճախ ենք բարձրաձայնել այդ մասին, ընդ որում՝ թե՛ հրապարակային, թե՛ տարբեր մասնավոր զրույցներում։
Ի վերջո, քաղաքապետարանն անսաց մեր և մեզ պես բազմաթիվ քաղաքացիների հորդորին և որոշեց լուսացույցի թարթող ռեժիմը փոխել կարգավորողի։ Սա Երևանի քաղաքապետարանի՝ վերջին շրջանում վարորդների կյանքը բարդացնող բազմաթիվ որոշումների ֆոնին հիրավի եզակի դրական լուծումներից է, որ իսկապես եղած խնդիրը լուծում է, ոչ թե նոր խնդիրներ առաջացնում։
Ի դեպ, քաղաքապետարանը, իր «խասյաթի» համաձայն, այս հարցում էլ էր որոշել ավելի բարդացնել մեր կյանքը՝ մի օր զարթնելով ու հայտարարելով, որ Պռոշյանից եկողների համար այսուհետ ձախը փակ է լինելու, բայց այդ որոշումը կյանքի չկոչվեց, քանզի քաղաքապետարանում էլ հասկացան, որ անհեթեթ «լուծում» են մտածել այս խաչմերուկի համար։
Իսկ ինչո՞ւ էր մինչ օրս այդ խաչմերուկում լուսացույցը թարթող, ոչ թե կարգավորվող։ Պատճառը շատ պարզ է, բայց անհասկանալի․ դա հենց կառավարական ամառանոցների խաչմերուկն է, որը գտնվում է հենց ամառանոցների դարպասների դեմ-դիմաց։ Ու դեռ նախորդ իշխանություններից սկսած՝ ՊՊԾ-ն որոշել էր, որ «վերևների» կեցավայր մտնող դարպասների դիմաց պետք է թարթող լուսացույց լինի, ոչ թե կարգավորվող, որ երբ ուզեն՝ բացեն, երբ ուզեն՝ փակեն։ Ու չկար որևէ տրամաբանական, հոդաբաշխ բացատրություն, թե ինչու պետք է այդպես լիներ։ Կարգավորվողի դեպքում էլ, էլի, երբ ուզեն՝ կարող են լուսացույցը սարքել կարմիր, որ «նորին մեծություններն» անարգել անցնեն, հետո նորից կբացեն։ Բայց չէ՝ հին իներցիայով այս իշխանությունների օրոք ևս ՊՊԾ-ն առաջնորդվել է նույն ստրկամիտ լոգիկայով և որոշել որևէ կերպ թույլ չտալ, որ լուսացույցը դառնա կարգավորվող։
MediaHub-ը տեղեկացավ, որ այդ թեմայով, երբ դիմել են Երևանի քաղաքապետարանին ու խոսել համապատասխան պաշտոնյաների հետ, նրանք պատասխանել են, որ ՊՊԾ-ն թույլ չի տալիս, ասացին՝ անգամ գրավոր են դիմել ՊՊԾ-ին ու մերժում ստացել։ Ի վերջո, երբ փոխվել է ՊՊԾ պետը ու նշանակվել Արթուր Գասպարյանը, ու մամուլն ու հանրությունն էլ ամեն հերթական վթարից հետո բարձրաձայնել է այս խնդրի մասին, Երևանի քաղաքային իշխանությունները կրկին դիմել են ՊՊԾ պետին ու, ով հրաշք, ստացել թույլտվություն, որ «գերագույնների» կեցավայրի մոտ տեղադրված լուսացույցը դարձնեն կարգավորվող՝ գոնե այս հարցում լրացուցիչ գլխացավանքից ու վթարային իրավիճակներից ազատալեվ հազարավոր վարորդների։ Իսկ երբ կարգավորվող չէր, այդ խաչմերուկ մտնելն ու այնտեղից անվնաս դուրս գալը իսկական փորձություն էր վարորդների համար։ Փառք, «ֆայմողներին»։
Վահե Մակարյան