Երեկ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Երևանում։ «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ» են տեղափոխվել չորս քաղաքացիներ, ովքեր, ըստ նախնական տվյալների, դանակահարվել են Ազատության պողոտա 1/24 հասցեում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում։
MediaHub-ի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի քաղաքացիների միջև։ Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, ինչի հետևանքով չորսը վիրավորվել են։
«Հոկտեմբերի 3-ին, 03.00-ի սահմաններում «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Հնդկաստանի 4 քաղաքացի: Նրանցից 3-ը վնասվածքներ էին ստացել որովայնի շրջանում, 1-ը` կրծքավանդակի: Նրանք վիրահատվել են, վիճակը գնահատվում է ծանր կայուն, այժմ գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում»,- Mediahub-ի հետ զրույցում հայտնեցին «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Հանրային կապերի բաժնից:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության գործիք սուր կտրող - ծակող առարկան կամ առարկաները հայտնաբերելու ուղղությամբ։
Էմմա Մարտիրոսյան