Փարաքարում կրքերը չեն հանդարտվում. համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո համայնքում լարված մթնոլորտը պահպանվում է, փարաքարցիները պահանջում են, որ նախկին համայնքապետ Ախտոյանի հարազատները լքեն համայնքը։
Պատճառները շատ են. նախ, որ Ախտոյանի հարազատն է Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող հիմնական անձը, բացի այդ, վերջին օրերին Ախտոյանների ընտանիքի կյանքի ներքին խոհանոցից լուրեր սպրդեցին մամուլ։
Այս ամենից հետո համայնքի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել, նրանք մտադիր են դիմել կառավարություն, որ Ախտոյաններին թույլ չտան ապրել Փարաքարում։ Մերձավանցիների խոսքով՝ միայն ոստիկանության ներկայությունը բավարար չէ, պետք է ՔՊ-ականի ընտանիքը հեռանա։
«Երեխաս տասը րոպե ուշ է տուն հասնում, սիրտս կանգնում է։ Այսպես ապրել չի լինի։ Անձամբ ես Ախտոյանի մորը որ տեսնեմ, չգիտեմ՝ ինչ կանեմ։ Վստահաբար, այսպես ապրել չի լինի»,- երեկ նշել է ստորագրահավաքին մասնակցած փարաքարցիներից մեկը։
Այս ամենի ֆոնին ի՞նչ է պատրաստվում անել համայնքապետարանը, ինչպե՞ս են հանդարտեցնելու փարաքարցիներին. նորանշանակ համայնքապետն ասելիք չունի։
«Համայնքապետը որևէ բան չի ուզում ասել»,- MediaHub-ի հարցին ի պատասխան պատասխանեցին համայնքապետարանից։
Դիտարկմանը, բա ո՞վ ունի ասելիք, եթե ոչ Օնիկ Ախվերդյանը, ո՞վ պիտի խոսի, եթե ոչ նա, ով այս դժվար ժամանակահատվածում համաձայնել է ստանձնել այս պաշտոնը, այսպիսի արձագանք եղավ՝ «դե, հիմա խոսել չի ուզում»։
Մեկ այլ դիտարկման, որ հնարավոր է նոր դեպքեր լինեն, եթե քայլեր չարվեն համայնքի բնակիչների մեջ թշնամական մթնոլորտը մեղմելու համար, համայնքապետարանի աշխատակիցը, որ նաև կապող օղակի դեր էր կատարում մեր և Ախվերդյանի համար, ասաց, ու իրենք ամեն ինչ անում են, որ իրավիճակը խաղաղվի։
Հարցին, թե օրինակ երեկ ի՞նչ են արել, երբ ակցիա էր իրականացվում Փարաքարում, համայնքապետարանի աշխատակիցն ասաց, որ չի կարող ասել։ Մենք էլ եզրակացնենք՝ կիրակի էր, հանգստանում էին, գուցե նաև Էրեբունի-Երևան տոնական միջոցառումներին էին մասնակցում, մինչ համայնքում լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր:
Հիշեցնենք, անցած շաբաթ «Միասնություն» դաշինքից Օնիկ Ախվերդյանն ընտրվեց Փարաքարի համայնքապետ:
Նարե Գնունի