MediaHub-ը վարորդների ֆեյսբուքյան փակ խմբերում նկատեց, որ քաղաղացիներից մեկն ահազանգում է, մասնավորապես Մաշտոց-Պուշկին խաչմերուկում քաղաքացիների համար նախատեսված են այնպիսի պայմաններ, որի պատճառով նրանք ստիպված են տուգանվել։
«Կանգնած էի Մաշտոց-Պուշկին խաչմերուկում նկատեցի, թե, ոնց են 20 րոպեում 13 տաքսու վարորդ տուգանվում։ Ոնց ա դա կատարվում։ Շահումյանի դպրոցի մոտից տաքսի են կանչում, վարոդը մոտենում է մարդուն նստեցնում կամ իջեցնում, քանի որ խցանում ա չի կարողանում ձախ գիծ մտնել, հետևից էլ ավտոբուսն ա սիգնալ տալիս ստիպված ուղիղ ա գնում ու 5000 տուգանվում։ Ես էլ եմ էդ նույն խաչմերուկում նույն տուգանքից ունեցել ու հիմա հետևից 6 հատ էլ ավտոբուս, որ գա սիգնալ տա չեմ քշելու էնքան մինչև ձախ չկարողանամ մտնել, ու դրանից հաստատ ես ավելի վատը չեմ դառնա»,- գրել էր վարորդներից մեկը։
MediaHub-ը խնդրի վերաբերյալ դիմեց Երևանի քաղաքապետարան, որին ի պատասխան հայտնեցին՝ «Ըստ ՀՀ կառավարության 28 հունիսի 2007 թվականի N 955-Ն որոշման 124 կետի. 124. 5.14 «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի», 5.11.1 «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ», 5.13.1 և 5.13.2 «Ելք դեպի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ» նշաններով նշված, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի ունեցող ճանապարհներին արգելվում է այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառն այդ գոտում: Եթե ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտին մնացած երթևեկելի մասից բաժանված է ընդհատվող գծանշմամբ, ապա, նման գոտիով ճանապարհ մուտք գործելիս, թույլատրվում է մտնել այդ գոտի հարևան գոտի անհապաղ վերադասավորվելու պայմանով: Թույլատրվում է նաև նման գծանշմամբ գոտիներ մուտք գործել ինչպես ուղևորներ իջեցնելու և նստեցնելու, այնպես էլ այդ ճանապարհից շրջադարձ կատարելու համար: Նշված գծանշմամբ գոտիներ մուտք գործելիս և դրանցից դուրս գալիս՝ վարորդները պետք է ճանապարհը զիջեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդներին, ինչպես նաև չխոչընդոտեն նրանց երթևեկությունը` այդպիսի գոտիներում ուղևորներ իջեցնելիս և նստեցնելիս»:
Նրանց խոսքով՝ Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի մոտից ուղևոր նստեցնելուց հետո վարորդը պետք է դպրոցի մոտի տեղային լայնացումից դուրս գա միայն այն ժամանակ, երբ համոզված լինի, որ առանց ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար խոչընդոտ հանդիսանալու կարող է վերադասավորվել հարևան գոտի:
Էմմա Մարտիրոսյան
