Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Թող մի օր գան, հետներս կանգառում սպասեն, տեսնեն՝ բարեփոխվե՞լ է տրանսպորտային համակարգը. քաղաքացի

Blog Image

Արխիվային լուսանկար

 

Վերջին օրերին մի շարք քաղաքացիներից ահազանգ ենք ստանում, որ երեկոյան ժամերին հանրային տրանսպորտից օգտվելն ուղղակի պատուհաս է դարձել իրենց համար. մարդիկ դռների արանքում են մնում, անգամ մեկ ոտքով կանգնելու հնարավորություն չունեն։

«Երեկ Երիտասարդականի կանգառից Մասիվ բարձրանալու համար ուղիղ մեկ ժամ 45 րոպե կանգնել եմ, հետո էլ մեկ ոտքի վրա տուն գնացել։ Ուղղակի խայտառակություն ա։ Ու էնպես չի, որ դա մի օրվա խնդիր ա, ամեն օր էլ նույն վիճակում ենք հայտնվում»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց քաղաքացիներից մեկը՝ հավելելով, որ թանկացումը գոնե արդարացված պիտի լիներ, սակայն, ինչպես երևում է, ոչ մի դրական փոփոխություն չի եղել։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից մեզ հետ զրույցում վստահեցնում են՝ սահմանված շարժակազմը վերջին շաբաթներին 100%-ով է դուրս բերվում. ամեն երկուշաբթի ընկերության տնօրենը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ներկայացնում է վիճակագրությունը։

«Այսինքն՝ սահմանված թվաքանակը A կետից B կետ հասնելու համար դուրս է բերվում երթուղի։ Խնդիրը չեմ կարող ասել, թե ինչից է առաջանում։ Հնարավոր է՝ խցանումները պատճառ լինեն, չեմ կարող ասել։ Մենք բոլոր ավտոբուսները դուրս ենք բերում երթուղի»,- մեզ հետ զրույցում ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

Փաստացի, եթե անգամ սահմանված քանակով ավտոբուսներն ամբողջությամբ դուրս են բերվում երթուղի, միևնույն է, խնդիրը չի լուծվում։ Մարդիկ կրկին ժամերով ավտոբուսի են սպասում։

«Սովորական, հասարակ քաղաքացու պես թող մի օր գան, կանգնեն կանգառում ու սպասեն, տեսնեմ, էլի էդքան մեծ-մեծ կխոսե՞ն։ Վեցին գործն ավարտում ենք, եթե ութին տուն հասնենք, մեծ ձեռքբերում ա։ Ու էս պայմաններում ասում են, թե բարեփոխումներ են անում, ամեն ինչ լավ ա։ Ոչ մի բան էլ լավ չի, միայն քաղաքացու գրպանին կպան, ու վերջ։ Մենք պատրաստ ենք երեկոյան իրենց հետ կանգառում կանգնել, թող գան, մեզ հետ մի ժամ կանգնեն, եթե դրանից հետո էլ կասեն, որ համակարգը բարեփոխել են, մենք կլռենք»,- նշեց մեր զրուցակիցը, երբ «Երևան ավտոբուսից» ստացած տեղեկատվությունը փոխանցեցինք նրան։

Նարե Գնունի

Send