Առաջին անգամ չէ, որ ականատես ենք լինում տաքսի ծառայությունների անբարեխիղճ աշխատանքին, որից տուժում են քաղաքացիները։ Տուժում են նաև զբոսաշրջիկները, մեր երկրի հյուրերը: Մշտապես տատանվող ուղեվճարներ, որոնք միայն աճում են, բայց արդյունքում գնի բարձրացումից ծառայության որակը չի բարելավվում։
Հայաստանում հայտնի Ջի-Ջի տաքսի ծառայության հետ կապված վերջին ամիսներին սկանդալային բացահայտումներ եղան, մասնավորապես, պարզվեց, որ ընկերությունը հաճախորդներից ավել գումարներ է գանձում՝ սկզբնական գինը գրում է մեկը, վերջում հաճախորդների քարտից գանձվում է ավելին: Ըստ այդմ, տեղեկացանք, որ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը Ջի-Ջի տաքսի ծառայությանը տուգանել է 28 միլիոն դրամով: Ընկերությունը «հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցություն» է ցուցաբերել՝ օգտատիրոջ քարտից օնլայն վճարումից հետո դարձյալ գումար է գանձել: Հանձնաժողովը տաքսի ծառայությանը պարտավորեցրել է պատվերի սպասարկման դիմաց գանձել այնքան գումար, որքանով պատվերն ընդունվել է:
MediaHub-ի հետ զրույցում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի խոսնակ Անի Սմբատյանը տեղեկացրեց, որ ընդհանուր հարուցվել է 3 վարույթ, որոնց արդյունքներով հանձնաժողովը նշանակել է շուրջ 28 մլն-ի չափով տուգանք ընկերության նկատմամբ։
Նա նշեց, որ տուգանքներից մեկը ընկերությունը արդեն վիճարկել է դատարանում, մյուսների բողոքարկման համար երկամսյա ժամկետ ունեն։
Սմբատյանի խոսքով՝ տնտեսվարողի խնդիրը բարդացել է իր իսկ վարքի պատճառով։
«Ընկերությունը հանձնաժողովին չի ներկայացրել տաքսի ծառայությունից ստացած հասույթի չափը, պարզաբանելով, թե չեն կարող թիվն առանձնացնել, սակայն պետական մարմինը դա հիմնավոր չի համարել, քանի որ նման տվյալ այլ գործով 2023 թվականին տրամադրել էին»,- ասաց մեր զրուցակիցը։
Ի սկզբանե ընկերությանն ասվել է, որ գինը միայն հստակ պայմաններով կարող է փոխվել և «ընդամենը» բառով ներկայացված գումարից բացի պետք է բացառել այլ պարտադիր վճարների գանձումը։ Այլ կերպ ասած, եթե տաքսի ծառայությունից օգտվելու համար հաճախորդին մի գին է ներկայացվել՝ ենթադրենք, ընդամենը 1000 դրամ, ապա ծառայության մատուցման ավարտին այն չի կարող դառնալ, օրինակ, 1050 դրամ:
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հավելվածը խմբագրելու համար 2 շաբաթ ժամանակ է հատկացրել։
Ի դեպ, նշենք, որ ընկերության կողմից անբարեխիղճ ծառայություն մատուցելու մասին բարձրաձայնել էր նաև հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը նշել էր, որ իր քարտից ավելի գումար է գանձվել, քան նշվել էր ծառայությունից օգտվելուց առաջ: Նա ևս բողոք էր ներկայացրել ընկերության դեմ:
Էմմա Մարտիրոսյան