Վերջին օրերին Երևանում կրկին բարձրացել է օդի աղտոտվածության մակարդակը։
Մայրաքաղաքում օդի աղտոտման պատճառները բազմազան են՝ մեքենաների թվի ավելացում, համատարած շինարարություն, տարատեսակ արտադրամասեր, և արդեն շուրջ մեկ շաբաթ է՝ Նուբարաշենի աղբավայրի հրդեհը, որի հետևանքով Երևանի օդը գարշահոտով և ծխով է պատված։
Ակնհայտ է, որ այս հանգամանքը չի կարող չազդել քաղաքացիների ինքնազգացողության վրա և իր մեջ չպարունակել լուրջ խնդիրներ բոլորիս առողջության համար։
Իսկ թե կոնկրետ ի՞նչ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ օրեր շարունակ ծխացող աղբավայրը, փորձեցինք հասկանալ՝ զրուցելով «Անկախ փորձագետ» ՀԿ-ի նախագահ Ծաղիկ Վարդանյանի հետ: Վերջինս ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ աղբավայրում այրվում է տարբեր տեսակ աղբ՝ և՛ կենցաղային, և՛ քիմիական, ինչը չափազանց վտանգավոր է.
«Այս ամենը բերել է օդի աղտոտվածության, և սա հանրային առողջապահական լուրջ խնդիր է, որովհետև սիրտ-անոթային համակարգի, շնչառական համակարգի, ալերգիկ ռեակցիաների դրսևորումների հետ կապված հիվանդություններ կարող է առաջացնել»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց նա։
Վարդանյանը շեշտեց՝ քիմիական աղբի այրվելը առաջացնում է նաև տոքսիկ ազդեցություն։
Ինչպե՞ս կանխել այս վտանգը և մեղմացնել հետևանքները.
«Ցավոք, հանրային առողջապահական մակարդակով ոչինչ չի արվում, զրո աշխատանք։ Աղբավայրի մոտակայում ապրող մարդիկ կան, նրանց համար մի քանի անգամ ավելի վնասակար է, բայց դրա մասին չի խոսվում»,- նշեցՎարդանյանը։
Նրա խոսքով՝ այս իրավիճակը չափազանց վտանգավոր է քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար, իրենք ավելի զգայուն են այսպիսի ազդակների նկատմամբ, իսկ երեխաների մոտ, ավելացրեց նա, շնչառական համակարգի խրոնիկ հիվանդությունների վտանգն է մեծանում։
Հիշեցնենք, պատկան մարմինները հայտարարում են, որ օգոստոսի 8-ի գիշերը Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը հաջողվել է մարել, բայց առայժմ ծխացող օջախներ կան, որոնք էլ շարունակում են աղտոտել օդը:
Էմմա Մարտիրոսյան