ՀՀ տարբեր մարզերի ֆերմերներ ահազանգում են՝ դաբաղ վարակը գլուխ է բարձրացրել մարզերում: Ըստ ֆերմերների՝ ամենը սկսվել է դեռ ամռանը Շիրակի մարզից և այժմ տարածվել այլ մարզերում:
MediaHub-ի զրուցակից ֆերմեր Վրույր Այվազյանը նշեց, որ ամեն տարի դաբաղ հիվանդությունը տարածվում է հայ-թուրքական սահմանից:
«Այս տարի դաբաղ հիվանդությունը տարածվել է Շիրակ մարզից. գրեթե ամբողջ Լոռու մարզում տարածված է, Շիրակում ամբողջությամբ, Տավուշում, և այլ մարզերում: Սա ոչ պաշտոնական տեղեկություն է, մենք՝ ֆերմերներս, իրար ենք ահազանգում, շատ վատ վիճակ է ՀՀ-ում. համայնքապետերը տեղյակ են, նախարարությունը տեղյակ է, վարչական ղեկավարները տեղյակ են: Նախարարությունը պետք է արդեն հանձնաժողով ստեղծեր, համայնք առ համայնք ստուգեին, հետաքննեին, տեսնեին՝ քանի՞ կորուստ կա»,- նշեց MediaHub-ի զրուցակիցը:
Ըստ ֆերմերի՝ կովերի շրջանում կորուստը քիչ է, սակայն խոզերի մասով ուղղակի ջարդ է գնում: Այվազյանը նշեց, որ գյուղերում ընդունված է, որ եթե խոզը սատկում է, միանգամից թաղում են, որ վարակը չտարածվի։ Պատկան մարմինը չարչարվելու անելիք էլ չունի, բայց, օրինակ, եթե կարկուտ է լինում, բերքն ավերվում է, ապա այդ դեպքում մոնիթորինգը մեկ ամսից էլ անեն, միևնույն է, գալու են ֆիքսեն, որ կարկուտը դաշտը վերացրել է, իսկ խոզի դեպքում այդպես չի:
«Տնտեսական տեսանկյունից սա աբսուրդ է, մեր գյուղատնտեսությունն անկում է ապրում ամեն տարի, ամեն տարի նախորդ տարվա համեմատ անասնագլխաքանակը 10% պակասում է: Հիմա էս դաբաղի պատճառով եթե ֆերմերը կորցնում է 20-40 խոզ, խիստ կասկածում եմ, որ իր բիզնեսի ապագան տեսնում է խոզաբուծության ոլորտում: Դաբաղը կոտրում է անասնապահության մեջքը: Անասնաբույժերն ասում են, որ դաբաղը մարդուն չի անցնում, սակայն, ըստ բժիշկների՝ դաբաղը կենդանուց մարդուն փոխանցվում է: Ես կոնկրետ գիտեմ դեպքեր, երբ մարդիկ վարակվել են դաբաղով, այժմ էլ հնարավոր է Լոռիում, Տավուշում, Շիրակում և այլ մարզերում մարդիկ դաբաղով վարակված լինեն. սիմպտոմները՝ ձեռքին կամ գլխին հեղուկանման բշտեր, գլխացավ»,- ասաց ֆերմերը:
Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնի՝ դաբաղ հիվանդությունը չի փոխանցվում մարդուն և չի համարվում հանրային առողջության ռիսկ։
Այն խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը ախտահարում է հիմնականում երկսմբակավոր՝ խոշոր և մանր եղջերավոր կենդանիներին, խոզերին և այլ վայրի կենդանիներին։
Սակայն, ըստ սննդաբանների՝ դաբաղը վիրուսային ինֆեկցիա է, որը անցնում է կենդանիներից մարդկանց` կենդանիների արտաթորանքի, կաթի, նաեւ մսամթերքի միջոցով: Կենդանիների շրջանում տարածված վտանգավոր վարակիչ այս հիվանդությունից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս չստուգված վայրերից չգնել մսամթերք, գնելիս վստահ լինել, որ սանիտարական ծառայությունները հսկում են նշված վաճառքի կետերը, ինչպես նաև կաթը լավ եռացնել:
Նշենք, որ օգոստոսին Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Սպանդարյան բնակավայրում 100 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու մոտ դաբաղ էր գրանցվել: Անասնատերերը կասկածներ ունեին, որ դաբաղը հարևան Թուրքիայից էր տարածվել: Ի դեպ, դեպքից շուրջ 1 ամիս առաջ IHA լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիայի իշխանությունները հրամայել են փակել երկրի բոլոր անասնապահական շուկաները՝ դաբաղ հիվանդության դեպքերի աճի պատճառով:
Մարիաննա Արամյան