Միջերկրածովյան դիետան՝ զուգորդված կալորիաների սահմանափակման, կանոնավոր վարժությունների և մասնագետների աջակցության հետ, կարող է 31 տոկոսով նվազեցնել 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը: Այս եզրակացությանն են հանգել Հարվարդի հանրային առողջապահության դպրոցի գիտնականները և նրանց գործընկերները Իսպանիայից:
Ուսումնասիրության մասին հոդված է հրապարակվել «Annals of Internal Medicine» ամսագրում:
Ուսումնասիրությանը մասնակցել են 55-ից 75 տարեկան 4746 մարդ, ովքեր ունեին ավելորդ քաշ կամ ճարպակալում և նյութափոխանակության համախտանիշ, բայց առանց շաքարախտի: Մի խմբին նշանակվել է դասական միջերկրածովյան դիետա, իսկ մյուսին՝ նույն դիետան, բայց օրական մոտ 600 կկալ կալորիաների լրացուցիչ կրճատմամբ, չափավոր վարժություններով և քաշի կորստի մասնագետների հսկողությամբ:
Վեց տարի անց բարդ միջամտության խմբում շաքարախտի ռիսկը մեկ երրորդով ցածր է եղել: Մասնակիցները կորցրել են միջինը 3.3 կգ և իրենց գոտկատեղի շրջագիծը կրճատվել է 3.6 սմ-ով՝ համեմատած վերահսկիչ խմբի 0.6 կգ-ի և 0.3 սմ-ի հետ:
Հեղինակների կարծիքով՝ դիետայի, վարժությունների և կալորիաների կրճատման համադրությունը կարող է կանխել շաքարախտի մոտ երեք դեպք յուրաքանչյուր 100 մարդու հաշվով՝ զգալի ներդրում ունենալով հանրային առողջության մեջ։