Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Անահիտ Ավանեսյանն ուզում է քանդե՞լ մարզային ԲԿ-ները․ նոր նախագիծը քննադատության ալիք է բարձրացրել

Blog Image

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը որոշել է միավորել մարզային բուժկենտրոնները։ Դրա վերաբերյալ համապատասխան նախագիծ է ներկայացրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ e-draft.am-ում։ 

Նախագծով նախատեսվում է լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 1911-Ն որոշման մեջ` մարզային առողջապահական փակ բաժնետիրական ընկերությունները (ըստ մարզերի առողջապահական կազմակերպությունների ցանկը կցվում է) միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով մեկ ընկերություն: Միաժամանակ, նախագծով նախատեսվում է մարզում գործող թվով 3 ծննդատների` «Մարտունու ծննդատուն», «Աբովյանի ծննդատուն» և «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների, բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, ինչպես նաև նշված ընկերությունները ևս միաձուլման ձևով վերակազմակերպել` ներառելով նոր ստեղծվող ընկերության կազմում:

Ըստ այդմ, Հայաստանի տասը մարզերի տարբեր քաղաքների բժշկական կենտրոնները կմիավորվեն՝ դառնալով, օրինակ, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի և մյուս մարզերի բժշկական կենտրոններ։ 

Ի սկզբանե, մամուլում տարածված տեղեկություններից տպավորություն էր, թե մարզերում գործող քաղաքային ԲԿ-ները փակվելու են, և ամեն մարզում մեկ հիվանդանոց է գործելու։ Բայց նախագծի նպատակը ԲԿ-ները փակելը չէ, այլ մենեջմենթի միավորումը։ Այսինքն՝ ամեն մարզում լինելու է մի մեծ կազմակերպության կառավարիչ, որը ղեկավարելու է մարզի մյուս ԲԿ-ները՝ ֆինանսներից մինչև կադրային քաղաքականություն։ 

Այս նախագիծը թե՛ e-draft-ում, թե՛ բժշկական հանրույթում արդեն քննադատության ալիք է բարձրացրել։ Մասնավոր զրույցներում առողջապահական ոլորտի մասնագետներն արդեն իսկ քննադատում են այս գաղափարը, իսկ e-draft.am-ում էլ քվեարկության մասնակիցներից միայն 3 տոկոսն է կողմ արտահայտվել այս գաղափարին, 97 տոկոսը դեմ է։

Բացի այդ, ոլորտի տարբեր մասնագետներ կարծիքներ են գրել նախագծի տակ՝ իրենց դժգոհությունն արտահայտելով առողջապահության նախարարրության այս նախագծի վերաբերյալ ու համարելով, որ առողջապահության նախարարությունը՝ նախարար Անահիտ Ավամեսյանի գլխավորությամբ, միավորման անվան տակ ուզում է կազմաքանդել մարզային առողջապահական համակարգը։ Ահա այդ մեկնաբանություններից մի քանի օրինակ.

«Նախագիծը պարունակում է ռիսկեր, որոնք կարող են բերել մարզային բնակչության համար տեխնիկական, տրանսպորտային, ֆինանսական դժվարությունների։ Միանձնյա ղեկավարի ընտրվելու դեպքում պարունակում է կոռուպցիոն, կողմնակալ վերաբերմունքի և այլ ռիսկեր։ Կարող է բերել աշխատատեղերի կրճատման, որը բողոքի ալիք կբարձրացնի»։

«Առաջարկվող նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ Եթե չի նախատեսվում ծախսերի նվազեցում, ապա հարց է առաջանում՝ իմա՞ստը այս նախագծի։ Շարունակաբար արհամարհվում է ազգաբնակչության կարծիքը»։ 

«Առանձին մարզային բժշկական կենտրոնների միաձուլման ձևով վերակազմակերպելու և դրա արդյունքում յուրաքանչյուր մարզում միայն մեկ բաժնետիրական ընկերություն (մեկ բժշկական կենտրոն) ստեղծելու վերաբերյալ այս նախագիծը հաստատման դեպքում որևէ լավ արդյունքի չի հանգեցնելու, և մարզային առողջապահությունը կազմաքանդելու վտանգ է առաջանալու: Որոշման «հիմնավորման» մեջ նշվում է երկու պատճառ 1) Կառավարման արդյունավետության բարձրացում. Ինչպե՞ս է Սյունիքի մարզի բժշկական կենտրոնի՝ հավանաբար Կապանում տեղակայված տնօրենը արդյունավետորեն կառավարելու Սիսիանում կամ Գորիսում գտնվող հաստատությունը»։ 

«Անձնակազմում ո՞վ է կրճատվելու: Պահեստապետ, բանվոր, վարորդ, տնտեսական պատասխանատու չի՞ լինելու ենթակա հիմնարկներում: Հաշվապահ, որակի կառավարիչ և այլ ադմինիստրատիվ աշխատողներ չե՞ն լինելու: Իհարկե լինելու են: Այդ դեպքում ի՞նչ ծախսերի կրճատում»։

«Անհասկանալի է, թե ինչպես է հնարավոր օպտիմալացնել առողջապահական համակարգը՝ դուրս թողնելով վարչական աշխատողներին, որոնք ապահովում են բուժհաստատությունների կազմակերպված աշխատանքը: Առողջապահությունն արդյունավետ կարող է գործել միայն թիմային մոտեցմամբ, որտեղ յուրաքանչյուրի դերը կարևոր է՝ բժշկից մինչև հաշվապահ: Նման որոշումները կարող են հանգեցնել քաոսի, ծանրաբեռնվածության աճի և որակի անկման»։

«Մեկ տնօրենին դժվար կլինի վերահսկել տարածված բոլոր կենտրոնների աշխատանքը։ Սա կնվազեցնի վերահսկողությունը տեղերում և կբարձրացնի կոռուպցիոն ռիսկերը․ թափանցիկության և հաշվետվողականության մակարդակը կնվազի, իսկ շահերի բախումների հավանականությունը՝ կավելանա»։ 

Սրանք մի մասն են միայն մեկնաբանություննների, և ճնշող մեծամասնությունը քննադատություն է, չկա մեկը, որ ողջունի այս նախագիծը։ Հետաքրքիր է՝ Անահիտ Ավանեսյանը կանսա՞ այս կարծիքներին ու քննադատությանը, թե՞ արսենթորոսյանական համառությամբ կանի այն, ինչ ինքն է ուզում՝ թքած ունենալով հանրության ու, հատկապես, մասնագիտական հանրության կարծիքի վրա։

Վահե Մակարյան

Send