Վարդան Ղուկասյանի վիճակը շարունակում է ծանր մնալ. Փոստանջյանը մանրամասներ է հայտնում Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ. նրան թույլ չեն տալիս այցելել իր բժիշկներին՝ սրտաբան և էնդոկրինոլոգ։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
«Երբ պարոն Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացավ, նրան տարան հիվանդանոց, սակայն առաջին շտապ բուժօգնությունից հետո նրան հետ տարան ՔԿՀ, թեև հստակ է, որ նա առողջական տարբեր խնդիրներ ունի ու կա բուժման կարիք։ Չնայած նրան, Ղուկասյանին թույլ չեն տալիս այցելել սրտաբանի ու էնդոկրինոլոգի»,- ներկայացրեց Զարուհի Փոստանջյանը։
Նա տեղեկացրեց, որ այս հարցով դիմել է նաև ՄԻՊ-ին, սակայն պաշտպանի գրասենյակից դեռևս որևէ հստակ արձագանք չկա։
«Ամեն օր տասնյակ դիմումներ եմ գրում, որպեսզի արձագանք լինի, ու մարդը հնարավորություն ունենա օգտվելու իր՝ բուժօգնություն ստանալու իրավունքից»,- նշեց Փոստանջյանը։ Բացի այդ, փաստաբանը տեղեկացրեց, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետն իր վրայից գցում է պատասխանատվությունն ու ասում, որ իր պատասխանատվության տակ չէ այդ հարցը, սակայն դեռ մեկ ամիս առաջ նման խնդիր է եղել, ու հենց ինքն է կարգավորել։
«Սա հստակ անձնական վերաբերմունք է Վարդան Ղուկասյանի նկատմամբ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։
Նարե Գնունի
