Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Պապոյանի ոտքը խերով չէր․ նրա հետ հանդիպումից հետո Վրաստանի փոխվարչապետն ազատվել է պաշտոնից

Blog Image

Երեկ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ինքն ու ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն գործուղվել էին Թբիլիսի։ Այցի շրջանակում հանդիպել են Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։ 

Նշենք, որ սա այն այցն էր, որը պետք է հակառակ ձևով տեղի ունենար, այսինքն՝ վրացի նախարարը պետք է գար Հայաստան, որ Պապոյանի հետ հանդիպեր և քննարկեին կոնյակի արտահանման հետ կապված խնդիրները, սակայն, մեր տեղեկություններով, հայկական կողմի փնթի, անկազմակերպ վերաբերմունքի պատճառով վրացական կողմը հրաժարվել է այցելել Հայաստան։ Ի վերջո, հայկական կողմը, տեսնելով, որ ճար չկա, և չի կարողանում խնդիրը լուծել, արտահանողներն էլ այստեղից խեղդում են, իրենք են որոշում գնալ վրացիների մոտ՝ բանակցությունների։

Ըստ Պապոյանի՝ բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից այսօր բաց թողնել հայկական կոնյակով (հայկական բրենդի) բեռնված 55 բեռնատար ավտոմեքենա, ևս 72 մեքենա բաց կթողնվի առաջիկա յոթ օրվա ընթացքում, իսկ դրան կհաջորդի լրացուցիչ 24 մեքենայի բացթողում։ Թե որքանով է այս խնդիրը լուծվել, սա այլ հարց է, բայց զավեշտակին այն է, որ Պապոյանի՝ Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ հանդիպումից մեկ օր անց Դավիթաշվիլին ազատվում է պաշտոնից։

Կարելի է ասել՝ Պապոյանի ոտքը խերով չէր իր վրացի գործընկերոջ համար։ Այսօր առավոտյան Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից, նրան այդ պաշտոնում կփոխարինի Մարիամ Կվրիվիշվիլին, որը մինչ այդ զբաղեցնում էր էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը։ Իսկ Լևան Դավիթաշվիլին նշանակվել է վարչապետի՝ էկոնոմիկայի գծով խորհրդականի պաշտոնին։

Վահե Մակարյան

Send