Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Աստղաբաշխական սակագներ, գերշահույթ. շնորհավոր տաքսի ծառայությունների սեպտեմբերի 1-ը

Blog Image

Սեպտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես Գիտելիքի օր՝ ուրախ ու հիշարժան, հատկապես դպրոցականների և ուսանողների համար։  Սակայն այս օրը նաև լուրջ փորձություն է դառնում մեծահասակների համար։

Ավանդաբար սեպտեմբերի 1-ից սկսած ու ողջ ուսումնական տարվա ընթացքում քաղաքում երթևեկությունը կաթվածահար է։ Հասարակական տրանսպորտում առավոտյան ու «պիկ» ժամերին կանգնելու տեղ անգամ չի լինում, և շատերը ստիպված են լինում օգտվել տաքսի ծառայություններից, սակայն այստեղ էլ ծառայություններն են «անակնկալ» մատուցում քաղաքացիներին՝ գերշահույթ ապահովելու մոլուցքով դրդված իրենց բարձր սակագներով։

MediaHub-ը վաղ առավոտից ահազանգեր է ստանում, որ Yandex տաքսի ծառայությունը աստղաբաշխական սակագներով է քաղաքացիներին շնորհավորել սեպտեմբերի 1-ի կապակցությամբ՝ բարձր սակագին  սահմանելով անգամ փոքր տարածության համար, որի արդյունքում էլ քաղաքացիներից շատերը ստիպաված են սպասել քաղաքային տրանսպորտին, որն էլ շատ հաճախ աշխատանքից ուշացման պատճառ է դառնում։

«Հաշվի առնելով, որ այսօր սեպտեմբերի 1 է, տանից շուտ դուրս եկա, բայց մեկ է՝ ոչ մի տարբերություն, էլի ուշացա։ Կես ժամից ավելի սպասել եմ կանգառում ավտոբուսը չկար, մտածեցի՝ տաքսի պատվիրեմ, բայց սովորական օրերին եթե 800-900 դրամ էր այդ տարածության համար, ապա այսօր 3000 դրամ էր սակագինը։ Ամեն մի փոքր հնարավորություն օգտագործում են մարդկանցից գումար կորզելու համար»,- մեզ հետ զրույցում նշեց քաղաքացին։

Մեկ այլ քաղաքացի էլ պատմեց, որ ամենօրյա իր ճանապարհի համար միշտ վճարել է 1500-1700 դրամ, սակայն այսօր սակագինը կրկնակի է եղել:

Ավելորդ է խոսել այն մասին, որ ավանդույթ է դարձել, երբ նման օրերին տնտեսվարողները գերշահույթ են ապահովում, և տաքսի ծառայություններն էլ բացառություն չեն. խոսքը բոլոր օնլայն ծառայություններ մատուցող և փողոցում կանգնող տաքսիներին է վերաբերում: Եվ ավանդույթ է, որ շարքային քաղաքացու շահերը այս երկրում պաշտպանող չկա, նա դիտվում է բացառապես որպես փողի քսակ:

Էմմա Մարտիրոսյան

Send