Ավելորդ ապացուցման կարիք չունի այն փաստը, որ ներկա իշխանությունը, կարծես, ունի գերնպատակ՝ ոչնչացնելու հայկական ինքնությունը, մոռացության տալու մեծանուն հայերին ու այն ամենը, ինչ պատմականորեն համարել ու համարում ենք հայկական ինքնության մաս: Եվ այս ամենի համար պարարտ հողը կրթական ոլորտն է. իշխանությունը գործի է դրել մեխանիզմ, որը սկիզբ է առնում դպրոցից, որպեսզի նոր սերունդն անգամ չճանաչի ականավոր հայ գործիչներին, ովքեր մեծ ավանդ ունեն, փոխարենը ճանաչի և ծանոթանա այն մարդկանց կենսագրությանը, որոնք, մեղմ ասած, այդքան էլ լավ համբավ չունեն:
MediaHub-ը հերթական ահազանգն է ստացել, որ 8-րդ դասարանի «Երաժշտություն» առարկայի դասագրքի էջերին դրական լույսի ներքո ներկայացված են մարդկանց նկարներ ու նրանց կենսագրությունը, ովքեր հայտնի են ոչ միայն որպես շոու-բիզնեսի ներկայացուցիչ, այլ ավելի շատ իրենց այլասերված վարքագծով, հայհոյախառն խոսույթով, թմրանյութեր օգտագործելով և այլն։ Եվ այս ահազանգը նաև զարմանք է առաջացնում, քանզի նրանց կենսագրությանը դասագրքի մակարդակով ծանոթանալու մոտիվացիան անհասկանալի է:
Մենք ուսումնասիրեցինք դասագիրքը և նկատեցինք, որ գրքում ներկայացված են երաժշտության բոլոր ժանրերը՝ բլյուզ, ջազ, ռոք, փոփ, ռեփ և այլն։
Ինչ խոսք, վատ չէ, երբ աշակերտը ծանոթանում է երաժշտության տեսակներին, սակայն, օրինակ, հիփ հոփին նվիրված բաժնում առանձնահատուկ ներկայացված է Թուփաքը (որին տասնամյակներ առաջ սպանել են), ՀՀ իշխանությունների սիրելի Սնուփ Դոգը (ով հաստատ այն պերսոնաժը չէ, որին արժե մատաղ սերնդին մոտիկից ծանոթացնել՝ հաշվի առնելով նրա սերը թմրամիջոցների և ալկոհոլի հանդեպ), ներկայացված է նաև «50 Cent»-ը, Էմինեմը, Ջենիֆեր Լոպեսը և այլն: Թե ո՞րն է նույն Ջեյ Լոյի, որպես երգչուհու, ավանդը կամ նրա արվեստը ինչո՞վ է առանձնահատուկ, որ հայ աշակերտները նրա կենսագրությունը պետք է ուսումնասիրեն դասագրքերում՝ քիչ պատկերացնելի է:
Բացի այդ, նկատեցինք, որ այդ անունները դասագրքի սկզբում են ներկայացված, մինչդեռ իսկապես մեծանուն կոմպոզիտորները՝ թե՛ դասական, թե՛ ժամանակակից՝ Մոցարտը, Բեթհովենը, Բախը, ինչպես նաև հայազգի Ջիվան Գասպարյանը, Հակոբ Խալաթյանը, Արթուր Մեսչյանը և ուրիշները տեղավորվել են դասագրքի վերջին էջերին։
Կրկնենք մեր հարցադրումը՝ ինչո՞վ են կարևոր «թուփաքջեյլոները», որ նրանց մասին հատուկ հիշատակում կա հայկական դասագրքերում, երբ առանց այդ էլ համացանցը նրանցով է ողողված, և կարելի էր նրանց փոխարեն շատ ավելի արժանի ու արժեքավոր երաժիշտ-կոմպոզիտորների կենսագրությունը ներկայացնել մեր դպրոցականներին: Հարցը, թերևս, հռետորական է:
Էմմա Մարտիրոսյան