Իրան-Իսրայել հակամարտությունը շարունակվում է։ Դրա հետևանքով Իրանում հունիսի 13-ից մինչ օրս առնվազն 430 մարդ զոհվել է, ավելի քան 3,5 հազարը` վիրավորվել։
Իրան-Իսրայել պատերազմի հետևանքով բազմաթիվ իրանցիներ լքում են հայրենիքը, այդ թվում գալիս են Հայաստան։ MediaHub-ը զրուցեց իրանցի ընտանիքի հետ, ովքեր մի քանի օր առաջ եկել են Երևան:
«Մի քանի օրում ամենը կորցրեցինք, իսրայելական հրթիռներն ընկնում էին Թավրիզի այն հատվածում, որտեղ մենք էինք ապրում, խաղաղ բնակիչներ, սակայն, իսրայելական կողմն ասում է, թե այդտեղ «ահաբեկիչներ և ռազմական գործիչներ են եղել»: Հասկանալով, որ ավելի է բարդանում իրավիճակը, նաև լսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե «լքեք քաղաքը», մասնավորապես՝ Թեհրանը, մարդիկ մտածել են, որ Թեհրանն ու Թավրիզն Իսրայելի օդային հարվածային նշանառության տակ են, և մեր ընտանիքը որոշեց ամենամոտ երկիրը գալ՝ ՀՀ-ն»,- ասաց մեր զրուցակից Հասանը:
ՀՀ կառավարության դիմաց կարելի է ճամպրուկներով իրանցիների հանդիպել, որոնք հույս ունեն, որ ժամանակավոր կեցության իրենց հարցը կլուծվի:
«Այսպիսի պատերազմ չէինք սպասում, մանավանդ, որ Իսրայելի հետ սահման չունենք, ու ամենը կատարվում է օդային ճանապարհով։ Շատ սարսափելի է, չգիտես՝ որտե՞ղ կընկնի հրթիռը, լսելով տագնապը՝ արագ գնում էինք ապաստարան, մտածելով՝ «իսկ եթե այս անգան հրթիռն ընկնի մեզ վրա...» ոչ մեկին չենք ցանկանում պատերազմ»,- նշեց Իրանից տեղափոխվածը:
Հասանը բողոքեց, որ Մեղրիում հայ վարորդները 300 դոլար են ուզել Երևան տեղափոխելու համար, իսկ բնակարանների գինը կտրուկ թանկացել է պատերազմից փախածների համար:
«Երբ բնակարանատերը իմանում է, որ Իրանից ենք, կայքում եղած գնից կրկնակի գին էր ասում: Ոչ մեկին չենք ցանկանա պատերազմ, բայց սա մարդկային չէ, ամեն դեպքում՝ ընտանիքով փրկվել ենք, և դա ամենակարևորն է»,- հայտնեց նա։
Ըստ Հասանի՝ Իրանում պատերազմը դեռ երկար կտևի, Իրանը դարձել է պատերազմների թատերաբեմ՝ բոլոր պետություններն իրենց հաշիվները կմաքրեն այդտեղ։
Մարիաննա Արամյան