«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը համոզված է, որ կառավարման ձիրք ունեցող մարդը բարձրագույն կրթության կարիք չունի։ Նա այդ մասին հայտարարեց Ազգային ժողովում, երբ բուռն քննարկում ծավալվեց առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նրա թեկնածության առաջադրման հարցի շուրջ։
Հունանյանը նշեց, որ բազմաթիվ բուհ ավարտածներ չեն կարողանում արդյունավետ կառավարել, իսկ իր փոքրիկ կենսագրության հետևում «հոգատարություն, սեր է թաքնված»։
Իշխանական պատգամավորի այս հայտարարությունը թեժ քննարկման պատճառ դարձավ, քանի որ շատերի համար ընդունելի չէ այն, որ, օրինակ, նման պատասխանատու պաշտոնում նշանակվող անձի մասնագիտական հմտությունները պետք է սահմանափակվեն միայն հոգատարությամբ ու սիրով։
Բժշկական համայնքում էլ դժգոհության ալիք է հասունանում:
MediaHub-ի հետ զրույցում բժշկական գիտությունների թեկնածու Լիլիթ Կուջոյանը նշեց՝ սա առողջապահական ոլորտի վրա բացասական է ազդելու, քանի որ ցանկացած պաշտոնյա պետք է ունենա իր պաշտոնին համարժեք գիտելիքներ, այդ թվում և կրթություն։
«Առողջապահական ոլորտի համար գոյություն ունեն մասնագետներ, ովքեր կոչվում են առողջապահության կառավարիչ և դրա համար սովորում են, ստանում են մագիստրոսի կոչում։ Միջին կրթությամբ անձը չի կարող կառավարել մի ամբողջ ոլորտ, այն էլ խորհրդարանական երկրում։ Փաստացի, խորհրդարանի ամենակարևոր հանձնաժողովներից մեկը պետք է ղեկավարի միջին բժշկական կրթությամբ մեկը, և սա շատ վատ է»,- նշեց Կուջոյանը։
Նրա խոսքով՝ հանձնաժողովի նախագահ ընտրված այդ պատգամավորը իրավասու չէ Ազգային ժողովում օրենսդրական ակտերի համար լինել պատասխանատու, առավել ևս կարևոր որոշումներ կայացնել։
«Ասում են, որ ինքը ինչ-որ դասընթացների է գնում, բայց դա բավարար չէ, որ ոլորտում ինչ-որ կարևոր դիրք ունենա։ Ամենավատն այն է, որ թիրախավորում են բարձրագույն կրթությունը, բայց չեն ուզում ֆունդամենտալ գիտելիքներ մարդիկ ստանան։ Հիմա ստացվում է՝ մի ամբողջ համակարգի, մի ամբողջ կրթական ծրագրեր դրվում է հարցականի տակ։ Նախարարի կողմից էլ բազմաթիվ անգամ նշվել է, իբրև թե՝ բժիշկները առողջապահության կառավարման մեջ ոչ այդքան որակով են… ձեր թիմը որակով չի, որովհետև ձեր մեջ չկա առողջապահության կառավարիչ, եթե դուք չունեք նման մասնագետներ, ապա դա չի նշանակում, որ երկրում չկամ այդ մասնագետները. որտեղից, ինչ թափթփուկ հայտնվի տանեն նստացնեն մի հատ դասընթացի, հետո էլ սարքեն ոլորտի կառավարող»,- վրդովված հավելեց նա։
Այս կերպ ուսանողներին հրամցնում են, որ բարձրագույն կրթություն պետք չի, կարող են մի քանի դասընթացի մասնակցել ու դառնալ «մասնագետ»։ Այս ամենի հետ մեկտեղ նման մասնագետների պատճառով է, որ ոլորտում կա շատ մեծ բացթողում, և առողջապահության ոլորտի շատ ուղղություններ, մեղմ ասած, թերին են։
Ի դեպ, հետաքրքիր է, թե ինչ է այս ամենի մասին մտածում Աննա Հակոբյանը, ով վերջին ամիսներին ակտիվ լծված է «Կրթությունը նորաձև է» քարոզարշավին: Ինչո՞ւ սույն տիկնոջը այդ գաղափարով չեն վարակել, հատկապես, որ իրենց կառավարման օրոք չէր բացառվում, որ մի օր նա կարող էր նման բարձր պաշտոնի հասնել:
Էմմա Մարտիրոսյան