Ընդդիմությունը իրավունք չունի ցանկացած ընտրությունների ժամանակ առաջ անցնել իշխանություններից․ սա «ժողովրդավարական» երկրի բռնապետի կոմպլեքսներից է։ Վատ է զգում, որ իրենից առաջ ընկնող կա. անգամ չի ներում իր թիմի ներսում որեւէ մեկին, ով փորձի մի գլուխ բարձր երեւալ։
Սա հին պատմություն է, երբ անգամ սխալները կուլ տալով՝ գոռացիք․ «դուխո՛վ, վարչապետ ջան, կողքիդ ենք»։ Դե մինչեւ հիմա կողքին լիքը մարդ կա, որ անգամ ընտրությունների ժամանակ հաղթահարում է 40 տոկոսը, այլ խնդիր է մասնակցության թիվը, բայց եկեք ծուռը նստենք ու ուղիղ խոսենք։ Փաշինյանին դեռ ընտրողներ կան։ Կապ չունի, թե Փաշինյանը ում դեմքով է. Մեխակյանի, թե էն «արու»-ի։
Հիմա էլ սա ինչ «մոգոնում» է, օրակարգ եք սարքում։
Անգամ սխալների վրա աչք փակեցիք ու կրկին գոռում եք «դուխո՛վ, վարչապետ ջան»։ Անգամ դավաճանության անչափ լինելը ձեզ ուշքի չբերեց։ Ու ես հատկապես այդ տեսակից եմ վախեցել, որ թեւ կտա, ու թեւ կառնի։ Իսկ «դուխը» կմնա որպես ադրիբուտ։
Ակնհայտ պառակտելով Հայաստանը, թշնամանք մտցնելով այս կամ այն կողմերին ու քաղաքականապես, բարոյապես ժողովրդին կոտրելով, շարունակաբար աթոռակռիվ տալով՝ խաղաղություն չես գտնի ո՛չ ներսում, ո՛չ դրսում։
Արցախը դավաճանեց, Արցախը, կարծես, ո՛չ եղել էր, ո՛չ կար, բայց հայտարարեց, որ ամեն ինչ արել է Ղարաբաղի համար։ Այստեղ նա ճիշտ է։ Իհարկե արել է, երբ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, եւ մի հատ էլ ինքն իր վրա մունաթ եկավ, թե ինչու՞ 2018֊ին դրա մասին չի ասել։ Հայրենավաճառը կա... կա ու իր «դուխով» առաջ է գնում, մենք քիչ, մենք մեր «մենք»-ի հետ էլ ենք կռիվ տալիս, բայց թշնամիներով մեկ են դարձել «մենք»-ի դեմ։
Երեւանում քաղբանտարկյալներ, Բաքվի բանտերում մեր գեներալները, մեր հայրենակիցները... Որոնց դատում են, ու պատրաստվում են անգամ ցմահ ազատազրկման տանել, ու այս ողբերգության մեջ մենք դեռ ապրում ենք, ինչպես որ Արցախը շրջափակման մեջ էր, ու հնարավոր էր փրկել, բայց մենք հեռվից դիտորդի կարգավիճակում արձանագրություններ էինք թողնում։
Հազարավոր զոհեր, գերեւարված քաղաքացիներ, որբացած երխաներ, տասնյակ հազարավոր գաղթականներ, թշնամու կողմից պղծված արձաններ ու եկեղեցիներ, իրենց հողի վրա հարազատի շիրիմը թշնամուն թողած կես մարդ եղած քաղաքացիներ, հաշմանդամ դարձած հերոս տղաներ, խեղված ճակատագրեր, կյանքը անիմաստ համարվող ինքնասպանություն գործած մարդիկ... ու պետականություն կորցնելու վտանգի տակ ապրող հայ ժողովուրդ, որի ողնաշարը ուղղելու համար դեռ գոռում են․ «դուխո՛վ, վարչապետ ջան, ձեր կողքին ենք, հանկարծ նախկինները չգան»։
Դա գոնե քիչ տոկոսն է, որ դեռ հավատում ու գոռում է, ՔՊ ընտրում, բայց այդ տոկոսը մեր բոլորի ճակատագիրն է որոշում։ Այդ մարդկանց հետ պետք է աշխատել։ Շատ աշխատել։ Որովհետեւ տեղեր կան, որ հեռուստացույցի մեջ միայն Հանրային հեռուստաալիքն է մնացել, որտեղ մենակ Փաշինյանի գովքն է, ու մեկ էլ Ադրբեջանի «խաղաղությունը»։ Սահմանին հանգիստ, զոհեր չկան, իսկ մեկը հարց չի տալիս, որ հիմա ամբողջ Հայաստանն է դարձել սահմանամերձ, իսկ ո՞վ է դրա հեղինակը։
Չկա նման բան, չի կարող պատահել նման բան, բայց պատահել է, ու դրա մեղավորները դավաճաններով, շուրջիններով ֆռֆռում են, վայելում կյանքը, արխային ընկած քաղաքի փողոցներով ման գալիս ու մեր վրա հաթաթաներ բանեցնում, ու մարդիկ վախենում են ազատ շրջել, որովհետեւ չգիտեն, այս թե՞ այն կողմից մեկը հանկարծ ինչ կանի։ Անվտանգ են մենակ Փաշինյանի ընտանիքը, ուրիշ ոչ ոք. Անվտանգ չենք։ Թշնամին բնակռել է մեր հայրենիքում ու ամենօրյա ռեժիմով միմիայն ցավ ու մահ ենք տեսնում։ Անբացատրելի ցավի մեջ հազիվ բաբախում է մարդու սիրտը, որ երանի է տալիս մեռնի, քան այս ողբերգության ու ամոթի մեջ գոյատեւի։
Ու այս ամենի ուղիղ կենտրոնում «դուխո՛վ, վարչապետ ջան»։ Թուլացեք ու ապրեք, թող նա էլ թուլանա ու վայելի։
Ու էդ գլխավոր ոչնչի դիմաց ոչինչ։
Ու եթե մինչեւ գարուն, մենք այս դանդաղ տեմպերով շարժվենք, մենք ոչնչի չենք հասնելու. 2021 թվականին երանի ենք տալու։
Արթուր Հայրապետյան
