Բոլորով նստենք՝ ասենք՝ ընկեր վարչապետ, էսի սխալ ա, էսի ճիշտ ա․ փողոցով բան դուրս չեկավ․ Արզաքանցյան

Փողոցային պայքարով ինչի՞ չգնացին մինչև վերջ։ Ժողովրդին առանց ծրագրի, առանց գաղափարի տանում են այն ուղղությամբ, որն իրենց ձեռք է տալիս։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը։

«Այսօր բոլորը հայտարարում են, որ իշխանության ղեկավարը դավաճան է, ես չեմ պաշտպանում նրանց, բա որ դավաճան էր, ինչի՞ մեծամասնությունը նորից դավաճան իշխանությանը ձայն տվեց, ստացվում է՝ ով իշխանությանը ձայն է տվել, ևս դավաճա՞ն է»,-ասաց նա և հավելեց, որ պարտված իշխանությանը ժողովուրդը ձայն տվեց, որպեսզի նախկինները չվերադառնան։

Ըստ նրա՝ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի և ապացուցի կամ հերքի Փաշինյանի դավաճան լինելը։ «Մեր ժողովուրդը պետք է ամեն ինչին լուրջ մոտենա, ոչ թե փողոցով մեկ գոռան ու աշխարհին ցույց տան՝ մեր ղեկավարը դավաճան է, բայց եթե դավաճան է, ինչի՞ է փողոց դուրս գալիս 20 հազար քաղաքացի»։

Պատերազմի հետևանքների մասին գործիչը նշեց, որ իշխանության սխալը մենաշնորհ ու անփորձ լինելն էր։ «Թող հանձնաժողովը ցույց տա՝ Փաշինյանը թշնամի՞ է, թե ոչ․ ես չեմ ուզում՝ ինձ ու երեխաներիս թշնամին ղեկավարի։ Փողոցային պայքարից բան դուրս չեկավ։ Բոլոր կուսակցություններով պիտի նստենք, ասենք՝ ընկեր վարչապետ, էսի սխալ ա, էսի ճիշտ ա»։

Տիգրան Արզաքանցյանը խոսեց նաև կնոջ՝ Նատալիա Ռոտենբերգի՝ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին։ Ըստ նրա՝ կինը բավականին փորձ ունի և ճիշտ կլինի, որ ունեցած փորձը նաև տեսանելի դարձնի Երևանում։

«Մեր Երևանը գեղեցիկ քաղաք է, բայց շատ թերություններ ունի, մի բարձրահարկ շենքից նայում ես՝ չես պատկերացնի, թե ինչ վատ վիճակ է»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում