Ապարանում հանցագործություն իրականացրած անձանց իշխանությունը կպարգևատրի պետական պարգևներով․ Ղազարյան

Եթե ՀՀ-ում լիներ ոստիկանություն, ապա երեկ երեկոյան Ապարանում տեղի ունեցած դեպքերը չէին լինի։ Այս մասին MediaHub․am-ի հետ զրույցում ասաց «Համախմբում» շարժման անդամ Էդգար Ղազարյանն անդրադառնալով գիշերը Արագածոտնի մարզում տեղի ունեցած դեպքերին․

«Ոստիկանության խնդիրը ոչ միայն հանցագործությունները բացահայտելն է, այլև դրանք կանխելն է, առավել ևս հանցագործություն, որն ունեցել է նախապատմություն։  Մեր պետական կառավարման համակարգում ոստիկանությունն համարվում է վարչապետին առընթեր մարմին, հետևաբար ոստիկանության գործողությունները այլևս վարչապետի գործողություններ են, որոնք հասել են անտրամաբանության ամենաբարձր աստիճանին, քանի որ ըստ ոստիկանության հաղորդագրության՝ կենցաղային հողի վրա որսորդական հրացանից արձակված մեկ կրակոցից մարդիկ են սպանվել և վիրավորվել միքանիսը։ Եթե ոստիկանությունը դա որակում է կենցաղային վեճ, ստացվում է, որ ասվածի տրամաբանությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կենցաղային իր է, քանի որ կոնֆլիկտի պատճառը եղել է իր անձի հետ կապված հասարակական տարբեր ընկալումները»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով՝ սա ակնհայտ ահաբեկչություն է իշխանության կողմից։

Հարցին երեկ տեղի ունեցածը արդյոք կստանա իրավական ճիշտ գնահատական, Ղազարյանը ընդգծեց․

«Այս իշխանության տրամաբանությամբ՝ այդ հանցագործությունն իրականացնող անձինք կպարգևատրվեն պետական պարգևներով»։

Հիշեցնենք, որ կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի, նրանցից երկուսը մահացել է: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Արագածոտնի մարզում ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայոհյել են Նիկոլ Փաշինյանին։

ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա, այս պահին կա արդեն հաստատված երկու զոհ և մի քանի վիրավորներ, նրանցից մեկի վիճակը շարունակում է մնալ շայրահեղ ծանր։ Դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան միջնահատվածում։