Ձախողված լաստանավի հետքերով․ 4 անգամ գնացել-եկել ու կանգնել է

Դեռևս 2022 թվականի մայիսի 5-ի կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե ըստ իրենց պլանի՝ Փոթի և Կավկազ նավահանգիստների միջև ամենաուշը հունիսի 15-ից պետք է գործարկվի շաբաթական երկու անգամ ամեն ուղղությամբ ընթացող կանոնավոր լաստանավային հաղորդակցություն, որի վրա կա քառասուն վագոնի և հիսուն բեռնատար ավտոմեքենայի տեղ, և կառավարությունը պատրաստ է ամբողջությամբ սուբսիդավորել այդ լաստանավային ճանապարհորդության ծախսերը։
Նիկոլ Փաշինյանն էլ ոգևորված հայտարարեց, թե շատ կարևոր է, որ կառավարությունը սուբսիդավորում է այս ծախսերը։ Նախարարի այս հայտարարությունից հետո անցան ամիսներ, հունիսի 15-ն էլ անցավ, ու լաստանավից այդպես էլ որևէ տեղեկություն չեղավ:
Այս մեկուկես տարվա ընթացքում մենք քանիցս հետաքրքրվել ենք նախարար Վահան Քերոբյանից, թե ի՞նչ եղավ լաստանավը, ե՞րբ է, վերջապես, այն գործարկվելու։ Նախարարն ամեն անգամ մի նոր պատճառաբանություն էր բերում, թե ինչու չի ստացվում իր խոստացած լաստանավային փոխադրումների ծրագիրը։
Օրինակ՝ 2022-ի մայիսին Քերոբյանը հայտարարեց, թե «Ռուսաստանին ուղղված պատժամիջոցները խոչընդոտում են հայկական լաստանավի գործարկմանը»։ Իսկ արդեն հունիսի 23-ին, երբ անցել էր իր նախանշած ժամկետը՝ հունիսի 15-ը, Քերոբյանը հայտարարեց, թե «ՀՀ-ն բանակցում է հոլանդական APM-ի հետ, որ հայկական լաստանավի նկատմամբ սանկցիաներ չկիրառվեն», ուստի «լաստանավի գործարկման ժամկետ չի կարող նշել»։ Մինչդեռ, Քերոբյանը հայտարարել էր, որ արդեն կա մի ընկերություն, որի հետ իրենք պայմանագիր են կնքել, որ վերջինս դառնա լաստանավային օպերատոր, և դա «Սի ընդ էմ ինթերնեյշնլ» ընկերությունն է։
Սրանից անցել է շուրջ երկու տարի, և 2023 թվականի իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ Mediahub-ը հիշեցրեց Վահան Քերոբյանին իր այն խոստումների մասին, որոնք մեծ հնչեղություն են ստացել մամուլում, սակայն այդպես էլ կյանքի չեն կոչվել, որոնցից մեկն էլ հենց լաստանավն էր։
Քերոբյանն ասաց, որ լաստանավային փոխադրումներ, իրականում, իրականացվել են, սակայն հետո տեսել են՝ արդյունավետ չէ, և դադարեցրել են։ Ապա խոստացավ գրավոր հարցում ուղարկելու դեպքում մանրամասն տեղեկացնել, թե քանի փոխադրում է իրականացվել, ինչ արդյունքներ են գրանցել և ինչու է դադարեցվել։ Mediahub-ը ուղարկեց համապատասխան հարցում նախարարությանը` հետաքրքրվելով, թե ե՞րբ են մեկնարկել լաստանավային փոխադրումները, քանի՞ օր կամ ամիս է աշխատել լաստանավը, ի՞նչ ծավալի փոխադրումներ է իրականացրել, ովքե՞ր են օգտվել այդ ծառայությունից, տնտեսական առումով ի՞նչ արդյունքներ է գրանցել։ Այս պահին շարունակո՞ւմ է աշխատել լաստանավը, եթե ոչ՝ ինչո՞ւ է դադարել լաստանավի աշխատանքը։
Նախարարությունից թեպետ ժամկետների խախտմամբ՝ տասն օր ուշացումով, սակայն տվել են բավականին համապարփակ պատասխան։ Ըստ այդմ՝ որպես լաստանավային փոխադրման օպերատոր հանդիսացող «Սի ընդ էմ ինթերնեյշնլ» ընկերությունը 2023 թվականի հունիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ ուղղությամբ կոնտեյներով բեռնվող նավով փոխադրման ծառայություններ, և ՀՀ կառավարության մարտի 24-ի N 400-Լ որոշմամբ հավանության արժանացած միջոցառման շահառուներին փոխադրման ծառայության մատուցման դիմաց տրվել է փոխհատուցում 4 չվերթի կատարման համար (փոխհատուցման գումարից նվազեցվել է շահառու հանդիսացող անձանց մատուցած ծառայության համար Օպերատորի կողմից գանձած գումարի չափը)։
Որոշումներով սահմանված ժամկետների ավարտից հետո մատուցած ծառայությունների մասով փոխհատուցում չի տրամադրվել։ Նախարարությունից անդրադարձել են նաև հետագայում լաստանավային փոխադրումներ իրականացնելու հեռանկարին՝ «ավետելով», որ սույն ձևաչափով (լաստանավ կամ կոնտեյներային նավ գործարկելու ծրագիր) չի նախատեսվում շարունակել միջոցառումը։ Փոխարենը այս պահին քննարկման փուլում է գտնվում այլ մեխանիզմով ծրագրի իրականացումը, որի արդյունավետությունը դրական գնահատվելու դեպքում կապահովվի ծրագրի շարունակականությունը։
Այսինքն՝ նախարարությունն ակամա խոստվանել է, որ իրենք փորձադաշտ են դարձրել այս ծրագրերը, նախապես չեն կարողանում գնահատել՝ իրենց պլանավորած միջոցառումը կամ ծրագիրը արդյունավետ կաշխատի՞, թե՞ ոչ, և նախընտրում են ծրագիրը դեռ չմեկնարկած՝ նախ աղմուկ հանել դրա շուրջ, մի լավ գովազդել, հետո նոր փորձարկել ու ստուգել՝ արդյունավե՞տ է, արժե՞ շարունակել, թե՞ կարելի է մի երկու ամիս աշխատեցնելուց հետո նորից փակել, որովհետև «ձեռք չտվեց»։ Հետևաբար, եթե «ձեռք չտվեց», ուրեմն՝ կրկին փորձիր։
Էկոնոմիկայի նախարարությունից նաև հարկ են համարել տեղեկացնել, որ միջոցառման համար որպես նպատակ սահմանվել էր ՀՀ բեռնափոխադրող ընկերությունների համար բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնելը և խոչընդոտները նվազեցնելը, խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։ Փաստորեն, իրենց նպատակին չեն հասել։
Նշենք, որ լաստանավային ծրագրի մասին ազդարարելուց հետո տարբեր պրոֆեսիոնալ մասնագետներ կարծիք են հայտնել, որ այդ ծրագիրը արդյունավետ չէ և եթե գործարկվի էլ՝ երկար կյանք չի ունենա։ Բայց Վահան Քերոբյանն ու իր ղեկավարած նախարարությունը ոչ մի կերպ չէին ցանկանում լսել մասնագետների կարծիքը։ Հիմա էլ չոր նավահանգստի կառուցման շուրջ են աշխատում, որի վերաբերյալ ևս բացասական կարծիքներ են հնչել, բայց Քերոբյանը շարունակում է պնդել, որ իրենք անպայման դա իրականացնելու են՝ հաշվի չառնելով անգամ ձախողված լաստանավայի փորձը։
Վահե Մակարյան