«7 ամսական երեխայիս գլխում 5 «ասկոլկա» է եղել, մյուսները ոտքից ու մեջքից են վիրավորվել»

«7 ամսական երեխայիս գլխում 5 «ասկոլկա» է եղել, մյուսները ոտքից ու մեջքից են վիրավորվել»

«Դժոխքն ուրիշ ձև հնարավոր չէ նկարագրել, դրանից ավելի դաժան բան չկա, երբ երեխաներդ աչքիդ առաջ արնաքամ էին լինում, իսկ դու անզոր ես օգնել».... Արցախի Սառնաղբյուրից տեղահանված ու Հայաստանի Ջրառատ գյուղում ապաստանած Գոհար Սահակյանը MediaHub-ի հետ զրույցում պատմում է, որ սեպտեմբերի 19-ին թշնամու բանակի օդային հարվածների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վիրավորում են ստացել նաև իր 4 երեխաներից 3-ը։ 

«Բոլորս միասին էինք, հավաքվել էինք գյուղի կողքը՝ ծառերի տակ, որովհետև Սառնաղբյուրի տների վրա կրակում էին։ Իրար հույս տալով՝ փորձում էինք դիմադրել, բայց առաջին 2 հարվածները ճակատագրական եղան։ Հրթիռը պայթել է ուղիղ այնտեղ, որտեղ մեր գյուղի բնակիչներն էին, մեծ մասը վիրավորվել են, մի քանի հոգի մահացել, այդ թվում՝ երեխաներ։ Դա գժվելու տեսարան էր, բոլորը գոռում էին, երեխաների վիճակն ավելի վատ էր։ Վիրավորվել էին և իմ երեխաները, չգիտեինք ում մասին մտածել այդ պահին, բոլորս օգնության կարիք ունեինք։ Ես ոտքերից բեկորային վիրավորում ստացա, փրկվել եմ Գոհար տոտայի շնորհիվ, պայթյունի պահին նա ինձ գրկել է, իսկ ինքը տեղում մահացել», -ասում է մեր զրուցակիցը։ 

Ադրբեջանի զինված ուժերը խաղաղ բնակչությանը թիրախավորելու մոլուցքը չեն սահմանափակել 2 հրթիռով։ Գոհարն ասում է, որ 3-րդ հրթիռով իրավիճակն անվերահսկելի է դարձել, մարդիկ մահանում էին վիրավոր երեխաների աչքի առաջ, իսկ իրենք պայքարում էին ապրելու համար։ 

«Այդ հարվածով ես պառկեցրել եմ երեխաներիս, ես էլ պառկել իրենց վրա, որ փրկեմ նրանց կյանքը, այդ ժամանակ մեջքից բեկորային վիրավորում եմ ստացել։ 7 տարեկան աղջիկս՝ Վիկտորյան, դժվարանում էր քայլել, «ասկոլկաներ» էին ոտքերին ու արնահոսում էր, 3 տարեկան Դիանայիս ոտքն էր ջարդվել, 2 տարեկան Միքայելիս բարեբախտաբար բան չի եղել, իսկ ահա 7 ամսական Մարիայիս գլխում թվով 5 «ասկոլկա» է հայտնվել։ Ցեղասպանությունն էլ ո՞նց է լինում»,- ասում է Գոհար Սահակյանը։ 

Նրանք, ովքեր կարողանում էին շարժվել, փորձել են դուրս գալ ու գնալ գյուղ, որը դարձյալ հրետակոծության տակ էր։ Գոհարի խոսքով՝ մի կերպ իրար օգնելով երեխաների հետ ուզում էին մտնել «Էդիկի պադվալ», բայց համայնքի ղեկավարը, ում հայրը, որդին ու զոքանչն արդեն մահացել էին, մեքենայով գալիս ու տարհանում է վիրավորներին։

«Այդ ժամանակ ես իմ մասին չեմ մտածել, կարևորը երեխաներիս առողջությունն էր։ Մի կերպ տեղավորվել ենք այդ մեքենայում, ես գյուղապետի կնոջ՝ Աքսանայի գրկում եմ նստել ու դուրս եկել։ Մեզ տարել են «աէրոպորտ», այնտեղից Ստեփանակերտ։ Երեխաներիս «Արևիկ» մանկական բուժմիավորումում են պառկեցրել, ինձ ուզում էին տեղափոխել «հանրապետական», չհամաձայնվեցի, որովհետև երեխաներս առանց ինձ չէին կարա, Մարիան էլ դեռ կաթով էր սնվում»։ 

Գոհարը վիրավորվել էր ոտքերից ու մեջքից։ Մեր զրուցակիցն ասում է, որ եթե ինքը ևս մտներ գյուղի ապաստարան, կամ մեքենան ուշանար, ապա ինքն ու երեխաները ևս մնալու էին Սառնաղբյուրում, որտեղից 4 հոգու ադրբեջանցիները գերեվարել ու Աղդամում կտտանքների էին ենթարկել։ 

Գոհարի ընտանիքը Ջրառատում ապրում է տնակային պայմաններում։ Երեխաներին տարել է հոգեբանի մոտ, ասում է՝ շատ է օգնել, բայց երեխաներն առ այսօր էլ վախեր ունեն։

Հունան Թադևոսյան