Աննա Հակոբյանն իրեն վեր է դասում օրենքից՝ երթևեկելով մգեցված ապակիներով Lexus-ով (տեսանյութ)

Աննա Հակոբյանն իրեն վեր է դասում օրենքից՝ երթևեկելով մգեցված ապակիներով Lexus-ով (տեսանյութ)

Մի քանի օր առաջ Ազգային ժողովում ՆԳ նախարար Վահե Ղազարյանից Mediahub-ը հետաքրքրվեց, թե տեղյա՞կ է, որ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանին սպասարկող թանկարժեք Lexus LX 500 ամենագնացի առջևի կողային ապակիները մգեցված են։ Այսինքն՝ Փաշինյանի տիկինը երթևեկում է մգեցված ապակիներով մեքենայով, ինչն օրենքի խախտում է։ Նախարար Վահե Ղազարյանը, սակայն, պատասխանեց, թե տեղյակ չէ։ 

Իսկ եթե տեղեկացնենք, համապատասխան քայլեր կձեռնարկի՞, թե՞ կաշկանդված է, Ղազարյանն ասաց․ «Տեղեկացրեք, ես կաշկանդված չեմ»։

Այս տեսանյութով մենք տեղեկացնում ենք ՆԳ նախարար Վահե Ղազարյանին և Աննա Հակոբյանի ավտոշարասյան համար ճանապարհ բացող Պարեկային ծառայությանը, որ Նիկոլ Փաշինյանի կինն իրեն օրենքից վեր է դասում՝ երթեևեկելով օրենքով արգելված թաղանթապատ ապակիներով մեքենայով։ Իհարկե, մեզ համար տարօրինակ է, իսկ նախարար Վահե Ղազարյանի համար էլ պետք է, որ անընդունելի լինի, որ պարեկային ծառայողները, որոնց աչքի առաջ են Փաշինյանի ու նրա տիկնոջ մեքենաները, մինչ օրս չեն նկատել, որ Աննա Հակոբյանին սպասարկող Lexus-ի առջևի կողային ապակիները թաղանթապատ են, ինչն օրենքի խախտում է: Բայց մենք դա նկատել ենք և տեսանյութով ներկայացնում ենք հանրությանը և հրավիրում ինչպես Վահե Ղազարյանի, այնպես էլ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի ուշադրությունը՝ հույսով, որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն։ 

Ի դեպ, նկատենք, որ Նիկոլ Փաշինյանին սպասարկող մեքենայի առջևի ապակիները թաղանթապատ չեն՝ թափանցիկ են, նրան ուղեկցող անվտանգության աշխատակիցների մեքենաների ապակիները նույնպես թաղանթապատ չեն՝ օրենքի խստացումից հետո թաղանթները պոկել են։ Աննա Հակոբյանին ուղեկցող Nissan Patrol-ի առջևի կողային ապակիները նույնպես թաղանթապատ չեն։ Եվ միայն Աննա Հակոբյանին սպասարկող Lexus LX 500-ի ապակիներն են, որ չորսն էլ թաղանթապատ են։ Ավելին, մեր տպավորությամբ՝ դիմապակին էլ է մգեցված։ 

Փաստորեն, երկրի ղեկավարը պահում է օրենքը՝ երթևեկելով թափանցիկ ապակիներով մեքենայով, բայց նրա կինը իրեն վեր է դասում օրենքից՝ արտոնյալ կարգավիճակ ինքն իրեն շնորհելով ու երթևեկելով մգեցված ապակիներով մեքենայով։ Մարդկանց, աշխարհին ու, հատկապես, իրենց ընտրողներին էլ հենց այդ՝ մգեցված ապակիների հետևից են նայում։  

Վահե Մակարյան