Ջալալ Հարությունյանը գործել է տարիներ առաջ գրված փաստթղթերով. փաստաբան
Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքները վերաբերում են 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման օպերացիային և 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում տեղի ունեցած հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին։ «Հակահարձակման օպերացիայի տարրերից մեկն այն է, որ Ջալալ Հարությունյանի կողմից նախաձեռնվել է հակահարձակման օպերացիա՝ այն պայմաններում, երբ ուժերի հարաբերակցությունը, իբր, եղել է 1/5-ին հօգուտ հակառակորդին»,- մամուլի ասուլիսում այսօր հայտարարեց Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։
Նրա խոսքով, օպերացիան իրականացվել է հոկտեմբերի 7-ին, այն դեռ տարիներ առաջ համապատասխան փաստաթղթերով նախատեսված գործողություն է եղել.
«Մեր ռազմական ոլորտի փորձագետները ունեցել են հաստատված փաստաթղթեր, որի համաձայն՝ հակառակորդի կողմից հարավային հատվածում, այսինքն՝ Արաքսի ափով առաջխաղացում ունենալու դեպքում մեր քայլը պետք է լիներ հակահարձակումը»,-նշեց փաստաբանը։
Նույն այդ ժամանակահատվածում եղել են տվյալներ հակառակորդի ուժային առավելությունների մասին, մինչդեռ փաստաբանի ներկայացրած հակափաստարկներով՝ հակահարձակման օպերացիայի ժամանակ հակառակորդը հայկական կողմից մի քանի անգամ ավելի կորուստներ է կրել, և այս փաստն անգամ քննչականը չի կարողանում հերքել, որ հակառակորդը հարյուրավոր զոհեր է տվել և հայկական կողմի նկատմամբ առավելություն չի ունեցել։
«Ջալալ Հարությունյանը ինքն իրենից չի հնարել, այս փաստաթղթին հասանելիություն ունեցող անձանց կողմից այս հարցը բարձրաձայնվել է, որ ժամանակն է կատարել հակահարվածը, քանի որ եղել է այն, ինչ նկարագրված էր այդ գծագրերը կազմելիս»,-ասաց փաստաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում։