Նախկին նախագահներից ովքե՞ր կգնան Մայր Տաճարի բացմանը

Նախկին նախագահներից ովքե՞ր կգնան Մայր Տաճարի բացմանը

Վաղը՝ սեպտեմբերի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Մյուռոնօրհնեքի արարողություն, իսկ հաջորդ օրը կվերաօծվի Մայր Տաճարը, որը 2013 թվականից վերանորոգվում էր։

Ինչպես հայտնել ենք՝ Տաճարի բացմանը հրավիրվել են ինչպես ներկա, այնպես էլ նախկին ղեկավարները։ Փաշինյանն ու իր թիմը, ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները մասնակցելու են արարողությանը։ Փաշինյանն իր թիմով հրավիրված է Տաճարի բացմանը, իսկ ընդդիմությունը՝ Մյուռոնօրհնեքին։

Հրավեր ունեն նաև Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահները։
MediaHub-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու տաճարի բացմանը։ Նրա շրջապատից դժվարացան նշել, թե ինչով է դա պայմանավորված, ուղղակի ասացին՝ չի մասնակցելու:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցության հարցը պետք է քննարկվեր միայն այն ժամանակ, երբ վերջինս Հայաստան կվերադառնար։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը հրապարակում էր արել՝ նշելով, որ Քոչարյանը գտնվում է արտերկրում։ Թեև պաշտոնական որևէ հաղորդագրություն դեռևս չկա նրա վերադարձի կամ մասնակցության մասին, այնուամենայնիվ, MediaHub-ը հստակ գիտի, որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու որոշում ունի: Թեև մեր աղբյուրը նշեց՝ ամեն բան կարող է փոխվել վերջին պահին:

Ինչ վերաբերում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ապա ինչպես և Լևոն Տեր-Պետրոսյանը, նա չի՛ մասնակցելու Մայր Տաճարի բացմանը։ Այդ մասին մեզ հայտնում են մեր աղբյուրները։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ երրորդ նախագահի գրասենյակից մեզ ասել էին, որ այդ մասին պատեհ պահին հանդես կգան հաղորդագրությամբ։ Մինչ այս պահը որևէ պաշտոնական հաղորդագրություն այս թևից ևս չկա։

Նարե Գնունի