Աննա Հակոբյանի կողքին նոր արտոնյալներ են հայտնվել՝ Քննչականի քննիչները

Աննա Հակոբյանի կողքին նոր արտոնյալներ են հայտնվել՝ Քննչականի քննիչները

Չնայած նրան, որ Արսեն Թորոսյանն իրեն կոտորում էր, որ մեքենաների առջևի ապակիներից հեռացվեն մուգ թաղանթները, ոստիկանությունն էլ իբր հատուկ ուշադրություն է դարձնում այս խնդրին, բայց միևնույն է՝ կան արտոնյալներ, որոնք ազատ շրջում են մգեցված ապակիներով, և դա ոչ ոք «չի նկատում»։

MediaHub-ն ու մեր ընթերցողները, սակայն, դա նկատում և մեզ են ուղարկում լուսանկարներ, օրինակ, Քննչական կոմիտեի դիմացի կայանատեղիից, որտեղ առջևի մգեցված ապակիներով մեքենաներ են կայանած։ Դրանք, վստահաբար, հենց Քննչական կոմիտեի աշխատողների, ասենք՝ քննիչների մեքենաներ են, որոնց վարորդները երկրի ամենակարևոր իրավապահ կառույցներից մեկի ներկայացուցիչներ են, որոնք իրենք են օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ օրենք խախտում։

Ու դա Պարեկային ծառայությունը չի նկատում, ճիշտ այնպես, ինչպես չի նկատում Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի՝ մեր հարկերի հաշվին ձեռք բերած թանկարժեք Lexus-ի առջևի մգեցված ապակիները։ Փաստորեն, Աննա Հակոբյանից բացի մեր երկրում արտոնյալ են նաև Քննչականի քննիչները, որոնք կարող են, ի հեճուկս Արսեն Թորոսյանի ու նրա շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի, ազատ ու անկաշկանդ օրենք խախտել և մնալ անպատիժ։ Նույն հաջողությամբ, այդ նույն քննիչները, հնարավոր է, վարում են խմած, առանց ամրագոտու, ղեկին ծխելով, հանդիպակաց դուրս գալով կամ առանց վարորդական իրավունքի վկայականի, որովհետև, եթե նրանց մեքենաների առջևի մգեցված ապակիները ոչ մի պարեկ չի նկատում ու ֆիքսում, վստահաբար մյուս խախտումներն էլ չի նկատի։ 

Վահե Մակարյան