Պատմությունը ջնջել չե՛ն կարող․ ՀՀ քաղաքացիները՝ Արցախի մասին բաժինը պետական կայքերից հեռացնելու մասին

Պատմությունը ջնջել չե՛ն կարող․ ՀՀ քաղաքացիները՝ Արցախի մասին բաժինը պետական կայքերից հեռացնելու մասին

MediaHub-ը փետրվարի 13-ից պարբերաբար հիշեցնում է, որ ԱԳՆ պաշտոնական կայքից հեռացվել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժինը: Ամիսներ շարունակ բաժինը չկա ու չկա: Իսկ մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Արցախի մասին բաժինը հեռացվել է նաև ՀՀ նախագահի կայքից։ 

Երկու կառույցներից էլ նշում են, որ հեռացումը ժամանակավոր է, և նյութերը վերադարձվելու են կայք: Տեսնենք:

Այս ամենից հարցեր են առաջանում՝ արդյո՞ք բաժինները իսկապես կվերականգնվեն, և եթե այո, ապա ի՞նչ տեսքով, ի՞նչ բովանդակությամբ, ընդհանրապես՝ ինչո՞ւ են հեռացվել, ի՞նչ է փոխվելու։ Եվ այս հարցերը լրիվ տրամաբանական են, քանի որ «տեխնիկական խնդիրներն» ի հայտ եկան այն բանից հետո, երբ թշնամի երկրի նախագահ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարեց, որ բացի Անկախության հռչակագրից, Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, թե Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։

Իսկ ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները, ինչպե՞ս են վերաբերվում այն փաստին, որ Լեռնային Ղարաբաղի մասին բաժինները, ըստ էության՝ մեր պատմության էջերը, հեռացվում են պաշտոնական կայքէջերից. MediaHub-ը այս հարցին նվիրված հարցում անցկացրեց, որին նյութը պատրաստելու պահին մասնակցել է շուրջ 6500 մարդ։

Եվ այսպես, «Սխալ է, դա մեր պատմությունն է» պատասխանն ընտրել է հարցմանը մասնակցածների 75%-ը, «Լեռնային Ղարաբաղը չկա, թող բաժինն էլ չլինի» տարբերակն ընտրել է 15%-ը, իսկ «Ինձ միևնույն է» պատասխանն ընտրել է 4%-ը: «Չգիտեմ» տարբերակն էլ ընտրել է հարցվածների 6%-ը։ 

Հարցման ընթացքում ընթերցողները նաև թողել են իրենց մեկնաբանությունները: Ահա դրանցից մի քանիսը. «Կրկնվում է պատմությունը, ժողովո՛ւրդ, ինչքա՞ն կարելի է համբերել»։

Մյուս ընթերցողը գրել է․ «Իսկ դուք ի՞նչ էիք պատկերացնում, մի օր էլ Հայաստանի վերաբերյալ է ամեն բան հեռացվելու»։

«Այդ բաժինները կվերականգնվե՛ն, մի՛ կասկածեք, պատմությունը ջնջել չեն կարող»,- վստահ է մեկ ուրիշը։ 

Այսպիսով, ամփոփելով արդյունքները՝ կարող ենք փաստել, որ հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը դեմ է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի մասին բաժինը հեռացվի պետական կառույցների կայքէջերից։ Եվ հույս են հայտնում, որ շուտով պատշաճ ձևով կվերականգնվեն բաժինները, իսկ մեզ մնում է միայն սպասել ապագա զարգացումներին․․․

Մարիաննա Արամյան