Գերիների վերադարձը պետք է տարանջատել հորս սպանողի ազատազրկումից․ ԶՊՄԿ սպանված պահնորդի որդի

Նախորդ դատական նիստից հետո Վերաքննիչ դատարան բողոքարկում ենք ներկայացրել, քանի որ հորս սպանողին 20 տարի ազատազրկելը մեզ համար բավարար չէ։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սպանված պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի որդին՝ Ժորժ Մելիքսեթյանը՝ խոսելով հորը սպանած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովին 20 տարվա ազատազրկման դատապարտելու որոշման մասին։
«Այս պահին հստակ ոչինչ ասել չեմ կարող, բայց հույս ունեմ, որ հաշվի կառնեն մեր բողոքը և ցմահ կդատապարտեն։ Մեր բողոքի մեջ նաև հստակ նշել ենք, որ պետք է տարանջատեն մարդասպանին Ադրբեջանում գտնվող մեր հայրենակից գերիներից։ Մենք չենք ասում, որ գերիների վերադարձը մեզ համար կարևոր չէ, բայց այս հարցը լրիվ այլ հարթության վրա է»,-ասաց նա։
Ժորժ Մելիքսեթյանը նշեց, որ սպասվող դատական նիստը հոկտեմբերին է։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին երկու ադրբեջանցի զինծառայողներ հատել էին Հայաստանի պետական սահմանը: Նրանցից մեկը՝ Ագշին Գաբիլի Բաբիրովը, հայտնաբերվել էր Սյունիքի մարզի Աշոտավան համայնքում, որը նշել էր, թե ընկերոջ հետ փախել են իրենց ծառայակիցներից։ Երկրորդ ադրբեջանցին՝ Հուսեյն Ահլիմանի Ախունդովն ավելի ուշ հայտնաբերվեց. 3 օր անց Սյունիքի մարզի Աճանան գյուղում գյուղացիները տարօրինակ մեկին էին նկատել, մոտեցել, պարզել, որ ադրբեջանցի է: Ախունդովին գտնելուց հետո առաջ բերվեց մի վարկած, թե ինքն է սպանել ԶՊՄԿ-ի պահնորդին, քանի որ Հայրապետի հեռախոսը վերջինիս մոտ է եղել։
Դատախազությունն ապրիլի 18-ին մեղադրանք առաջադրեց Հուսեյն Ախունդովին նաեւ պահնորդի սպանության համար։ Գերատեսչության փոխանցմամբ՝ ադրբեջանցին իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել պահնորդի ուղղությամբ, որը մահացել էր: Այնուհետեւ, Հուսեյն Ախունդովը վերցրել է նրա հեռախոսը, ծխախոտն ու կրակայրիչը, փորձել գործարկել կայանված մեքենայի շարժիչը, սակայն չկարողանալով դիմել է փախուստի: Ախունդովն այդ հեռախոսով նկարահանել է նաև տեսաուղերձ այն մասին, որ սպանել է հայի:
Լիաննա Թորոսյան