Հարվածել Արցախին կնշանակի ձեռնոց նետել պաշտոնական Մոսկվային․ Հակոբյան

Հայ-ամերիկյան զորավարժությունների մեջ այս պահին բուն ռազմական բաղադրիչը չէ կարևոր, այլ ժեստը և երևույթը, որ ԱՄՆ-ի հետ ՀՀ-ն անում է զորավարժություն, սակայն տարեսկզբին իշխանությունները հրաժարվեցին ՀԱՊԿ-ի հետ զորավարժություններից։ Ստեղծված հանգամանքը պաշտոնական Մոսկվան, մեղմ ասած, բավականին ծանր է տանում։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը, անդրադառնալով վերջին շաբաթների զարգացումներին:
Ինչ վերաբերվում է հարցին, թե արդյոք տվյալ զորավարժությունները ունակ են կանխել պատերազմը, մեր զրուցակիցը նշեց, որ դրանք այդքան ծավալուն չեն, որպեսզի կարողանան կանխիչ գործողություններ իրականացնել։
«Այն, ինչ այս պահին իրականում կարող է կանխել պատերազմը, Արևմուտքի ճնշումն է Ադրբեջանի վրա։ Չեմ կարծում, որ պատերազմ կսկսվի, քանի որ այս պայմաններում Արևմուտքի ճնշումը հսկայական է Ալիևի վրա։ Հարվածել ՀՀ ինքնիշխան տարածքին այս պայմաններում իրատեսական չի լինի, իսկ հարվածել Արցախին կնշանակի ձեռնոց նետել պաշտոնական Մոսկվային, ինչը Սահակաշվիլիի 2008թ-ի ճակատագրի ֆոնին ռիսկային կլինի»,-նշեց Հակոբյանը։
Անդրադարձ կատարելով Արցախի նախագահի ընտրություններին, Հակոբյանը նշեց, որ Ադրբեջանը գաղտնի հույս ուներ, որ Արայիկ Հարությունյանից հետո նոր նախագահ չի ընտրվի, սակայն իրենց հույսերը խափանվեցին և դրանով էլ պայմանավորված էր բավական նյարդային արձագանքը։
«Արայիկ Հարությունյանն ընկալվում էր Ադրբեջանի կողմից որպես փաշինյանական պրոտեժե և ավելի ընկալելի ֆիգուր, որպեսզի պաշտոնական դիալոգ վարի պաշտոնական Բաքվի հետ առիթի դեպքում, թեև Բաքուն երբեք չէր ընկալում այդ դիալոգը որպես հավասարը հավասարի հետ և Արայիկ Հարությունյանը Բաքվի երազանքներում այն մարդն էր, ով առիթի դեպքում ավելի հարմար ձևով կնետի Արցախը Ադրբեջանի գիրկը»,- ասաց նա:
Հակոբյանի խոսքով, Սամվել Շահրամանյանը, որպես Արցախի նախագահ, որակվում է Ադրբեջանի կողմից որպես ռուսական կողմի աջակցություն ունեցող մարդ և այս առումով Ադրբեջանի համար չի կարող ընկալելի լինել, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կորցնում է իր դիրքը Ստեփանակերտում:
Շարունակելով իր խոսքը, Հակոբյանը նշեց, որ Շահրամանյանը կարող է լինել նաև անցումային թեկնածու, և եթե այդպես է և երբ պահը գա այլ թեկնածու առաջադրելու՝ ներքին բախումներ և անհամաձայնություններ չեն լինի, ինչը մենք տեսնում էինք Արայիկ Հարությունյանի դեպքում։
Անդրադարձ կատարելով Սամվել Բաբայանին, ով ևս հավակնում էր Արցախի նախագահի պաշտոնին, մեր զրուցակիցը նշեց, որ Բաբայանը բավականին հետաքրքիր անձնավորություն է, ռազմական ուղի անցած, բայց քաղաքական և քաղաքացիական կյանքում իր տեղը այդպես էլ չգտած մարդ։
«Մարդ, ով իր զգալի քաղաքացիական ամբիցիաների բավարարումը համառորեն չի կարողանում գտնել 1994թ-ից մոտ 30 տարի։ Մարդ, ով, ըստ էության, խնդիրներ ունի ՀՀ նախկին իշխանությունների հետ, բայց Սամվել Բաբայանի խնդիրը կայանում է և սուր արտահայտվում է նրանում, որ նա անցած շրջանի քաղաքական գործիչ է, իսկ ներկայիս քաղաքական դաշտը ՀՀ-ում նոր տիպի գործիչների կարիք ունի, ոչ թե նոր անունների, այլ նոր տիպի։ Նոր տիպի քաղաքական գործիչը ավելի ուշադիր է հանրային կարծիքին և ավելի սերտ կապ ունի մարդկանց և ժողովրդի հետ։ ՀՀ նախկին նախագահները հին տիպի գործիչներ էին, իսկ Նիկոլ Փաշինյանը նոր տիպի գործիչ է, ով շատ լավ տիրապետում է տեղեկատվական տեխնոլոգիաներին և իշխանության հիմնական իր աղբյուրը տեսնում է ժողովրդի մեջ: Այլ հարց է խաբելով և մանիպուլացնելով դա անելը, այսինքն նա ժողովրդին համոզելով կարողանում է ստանալ քվե, իսկ մեր նախկին նախագահները կարծում էին, որ իշխանության կարելի է գալ ինչ-որ ուժի հետ, ինչ-որ համաձայնություններով: Ըստ իս, Հայաստանում այդ ժամանակերն անցել են 2018թ-ից հետո»,-եզրափակեց Հակոբյանը։
Մարիա Զարգարյան