Նախկին ԱԳՆ շենքը քանդվում է՝ տիրություն անող չկա․ նախկինում կայացրած որոշման հետևանքները 

Նախկին ԱԳՆ շենքը քանդվում է՝ տիրություն անող չկա․ նախկինում կայացրած որոշման հետևանքները 

Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող երկու պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի ճակատագիրն անորոշ է, մեկինը՝ էլ ավելի անորոշ։ Խոսքը Հայփոստի ու նախկին տրանսպորտի և կապի նապարարության շենքի մասին է, որը այս պահին էլ գործում է՝ այնտեղ Կոնվերս բանկն է, Հայփոստը (նախարարությունը վաղուց է դուրս եկել), տարբեր պետական մարմիններ, մյուսը նախկին ԱԳՆ-ի շենքն է, որը մասնավորեցվել է դեռ նախկինների օրոք, ու մինչ օրս այդ շենքում որևէ ներդրում չի կատարվել։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ Հայփոստի շենքի մասով կառավարությունն այս պահին դեռ ծրագիր է մշակում, թե ինչ ճակատագիր պետք է ունենա շենքը հետագայում։ Այսինքն՝ այս շենքն էլ կհանվի աճուրդի և կմասնավորեցվի, բայց ոչ այն պայմաններով, ինչ նախկին ԱԳՆ-ի շենքը։

«Հիմա այդ շենքի հետ կապված նախագիծ է արվում, բաց բաժնետիրական ընկերություն է ստեղծվել, շենքն ընդգրկվել է այդ ընկերության կապիտալում, և հիմա աշխատանքներ են տարվում այդ ընկերության կողմից գույքի արդյունավետ կառավարման ծրագիր մշակելու և հետագայում մասնավորեցնելու նպատակով։ Հիմա դա կտևի մեկ տարի, երկու տարի, թե երեք տարի, մենք կունենանք դրա կառավարման ծրագիր, և կներկայացնենք արդեն հանրության քննարկմանը։ Հիմա մենք փորձում ենք հասկանալ, թե այդ շենքը լավագույնս ինչ նպատակի կարող է ծառայել»,- ասաց Առնակ Ավետիսյանը՝ նշելով, որ այս պահին իրենց պլանները դեռևս այդ շենքի լավագույն օգտագործման ծրագիր մշակելն է։

Նրա խոսքով՝ հնարավոր է, որ միջազգային խորհրդատվական կազմակերպություն վարձեն մրցույթով, որը կուսումնասիրի և կասի, թե այդ շենքը ինչի կարող է ծառայել՝ հյուրանո՞ց, բիզնես կենտրո՞ն, թե՞ այլ նշանակության օբյեկտ․ այս պահին որևէ սահմանափակում չկա։

Հարցին՝ ի՞նչ երաշխիք կա, որ նախկին ԱԳՆ-ի շենքի ճակատագրին չի արժանանա, այսինքն՝ չի մասնավորեցվի ու հետագայում թողնվի բախտի քմահաճույքին, Ավետիսյանն ասաց․ 
«ԱԳՆ-ի շենքը մասնավորեցվել է այն ժամանակ (2018-ից առաջ, նախկինների օրոք -խմբ․), այն ժամանակվա կանոններով, ու որևէ կոնկրետ պարտավորություն չի սահմանվել գնորդի վրա։ Հիմա մենք մասնավորեցումները, որ անում ենք,  շատ հստակ ծրագրերով և շատ հստակ պայմանագրերով ենք անում, որ եթե պայմանները խախտվեն, այդ ժամանակ պետական գույքը պետք է հետ վերադարձվի։ Այսինքն՝ տարբերություն կա մոտեցման ու մասնավորեցման մեխանիզմների միջև»։

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել նախկին ԱԳՆ-ի կամ կառավարության թիվ 2 մասնաշենքի հետ։ Այն դեռ նախորդ իշխանությունների օրոք՝ 2012 թվականի վերջին, երբ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, վաճառվել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը։ Գույքի ընդհանուր արժեքը կազմել է 51 միլիոն 271 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ․ շենքի մեկ քմ-ն այդ ժամանակ գնահատվել է 3600 ԱՄՆ դոլար։ Այն ժամանակվա Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը գույքի վաճառքի հետ կապված ասել էր, թե իրենք շուկայականից բարձր արժեքով են վաճառել շենքը։ Հիմա, բնականաբար, այդ շենքն ավելի բարձր արժեք կունենա։  

Նախկին ԱԳՆ շենքի վաճառքից հետո մեկնարկել են արդեն նախարարությունների նոր մասնաշենքերի, այդ թվում՝ ԱԳՆ-ի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները, և ըստ պայմանավորվածության՝ 2015-ին կառավարության նոր մասնաշենքերը կառուցելուց հետո, երբ ԱԳՆ-ն Հանրապետության հրապարակից տեղափոխվեր Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառուցված նոր մասնաշենք, Էդուարդո Էռնեկյանը պետք է սկսեր իրեն անցած նախկին ԱԳՆ շենքի վերանորոգման և այն հյուրանոցի վերածելու աշխատանքները։

Բայց անցել է արդեն մոտ տասը տարի, սակայն այդ շենքը վերանորոգվելու կամ վերակառուցվելու փոխարեն քանդվում է, և այսպես շարունակվելու դեպքում հնարավոր է՝ այն հյուրանոցի փոխարեն փլատակների վերածվի։ Մեզ ասացին՝ շենքն անմխիթար վիճակում է, իսկ տանիքն արդեն փուլ գալու վրա է։

Ընդ որում, Վազգեն Սարգսյան 3 հասցեում կաուցված կառավարության նոր մասնաշենքերի շինարարությունը վերապահվել է Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերության դուստր ձեռնարկությանը՝ «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ին, որի վերաբերյալ նախկին ԱԳՆ շենքի վաճառքի վերավերյալ կառավարության 2012 թ․ դեկտեմբերի 27-ի N 1675-Ն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետը սահմանում է․

«Գույքի վաճառքի գնի մի մասի դիմաց գնորդը պարտավորվում է առուվաճառքի պայմանագրի ստորագրման օրվանից մեկշաբաթյա ժամկետում պետությանը` ի դեմս «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի, սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 916-Ա որոշմամբ օտարված` Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող՝ 0.5081 հեկտար հողամասի սեփականատեր և գնորդի դուստր հանդիսացող «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության հարյուր տոկոս բաժնետոմսերը` դրանց անվանական արժեքով, պայմանով, որ ընկերությունը շարունակի լինել Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող՝ 0.5081 հեկտար հողամասի սեփականատեր, և ընկերության գրանցված ու դրամական միջոցներով լրիվ վճարված կանոնադրական կապիտալի չափը կազմի 27,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ: Ընկերության հարյուր տոկոս բաժնետոմսերը պետությանը փոխանցվելու պահից Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 916-Ա որոշմամբ «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության համար նախատեսված ֆինանսավորման պարտավորությունները կդադարեն, և «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությունը պատասխանատու չի լինի «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության ստանձնած որևէ պարտավորության կատարման համար»։

Իսկ 4-րդ ենթակետով սհամանվում է, որ ընկերությունը գնից 7,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը գնորդի կողմից պետք է վճարի մաս-մաս՝ մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը։ 

5-րդ ենթակետով էլ սահմանվել է, որ գնորդը պարտավորվում է գույքի հանձնում-ընդունումից և անհրաժեշտ ծավալի ներդրումների իրականացմամբ վերակառուցումից հետո գույքն օգտագործել բացառապես հյուրանոցային և նմանատիպ գործունեության նպատակով։

Հյուրանոց, ինչպես տեսնում ենք, կառուցված չէ։ Բայց որոշման մեջ չկա նաև կետ, թե հյուրանոց չկառուցելու և, առհասարակ, շենքի վրա որևէ ներդրում չանելու դեպքում ինչ է սպասվում։ Ու քանի որ չկա, Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը որևէ բան չի արել։ 
Ուստի հարցրինք Առնակ Ավետիսյանին, թե կառավարությունը կամ Պետգույքի կառավարման կոմիտեն ի՞նչ է մտածում նախկին ԱԳՆ շենքի ճակատագրի մասով։

«Կառավարությունը՝ չգիտեմ, բայց Պետական գույքի կառավարման կոմիտեն կառավարում է պետական գույքը։ Այն գույքը, որն այլևս պետական չէ, դա արդեն մեր լիազորություններից դուրս է։ Եթե կա այդտեղ, օրինակ, ճարտարապետական հարց կամ, օրինակ, քաղաքի զարգացման խնդիր և այլն, դա արդեն համապատասխան մարմինները, վստահ եմ, այդ հարցով անհանգստացնում և զբաղվում են, բայց մեր դաշտից դուրս է, քանի որ այն մասնավոր սեփականություն է»,- ասաց Առնակ Ավետիսյանը։

Վահե Մակարյան