Ոսկեպարի վարչական ղեկավարի «վախը բռնել են»

Ոսկեպարի վարչական ղեկավարի «վախը բռնել են»

Այսօր առավոտյան հայտնել ենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկնել է հարազատ Տավուշ։ Նա դեռ օրեր առաջ էր իր ասուլիսի ընթացքում հայտարարել, որ պետք է գնա Տավուշ, հանդիպի բնակիչներին։ Նա նաև չէր բացառել, որ դելիմիտացիան ու դեմարկացիան հենց այնտեղից էլ կսկսվի։

Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն արդեն հանդիպել է ոսկեպարցիներին, ներկայացրել՝ սպասվող վիճակը, հայտնել, թե որ համայնքներն են հանձնվելու Ադրբեջանին։ Նա նաև «փափուկ բարձ է դրել» ոսկեպարցիների գլխի տակ՝ վստահեցնելով, թե իրենց անվտանգությունը չի վտանգվելու, խաղաղության դարաշրջանն է առջևում։

Կոնկրետ ի՞նչ է քննարկվել, MediaHub-ը փորձեց պարզել Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանից։ «Եկավ էլ, գնաց էլ»,- մեզ հետ զրույցում ասաց Աղբալյանը՝ պատասխանելով հարցին, թե արյո՞ք  Փաշինյանը դեռ Ոսկեպարում է։

Հարցին, թե ի՞նչ է քննարկվել, ի՞նչ է ոսկեպարցիներին ասել Փաշինյանը, Ոսկեպարի վարչական ղեկավարը պատասխանեց՝ տեղս հարմար չի, «ոնց պատասխանեմ, է՜»։

Կարճ պատասխան ենթադրող հարցին, թե արդյո՞ք կոմպրոմիս եղել է, Աղբալյանը պատասխանեց. «Դե ինձ բան մի՛ արեք»։

Մեր արձագանքին, որ որևէ բան անելու միտում չունենք, ու մեզ ոսկեպարցու արձագանքն է հետաքրքիր, Աղբալյանն արձագանքեց՝ «դե, աղջիկ ջան, վայ», ապա հեռախոսն անջատեց։

Նշենք, որ վերջին շրջանում սա առաջին դեպքը չէ, որ Ոսկեպարի վարչական ղեկավարը խուսափում է պատասխանել լրագրողների հարցերին,  ավելի կոնկրետ՝ վախենում է։ Ըստ էության, «վախը բռնել են»։

Նարե Գնունի