Մեր կյանքի խարիսխը դարձնե՛նք աստվածատուր պատվիրաններն ու պատգամները. Տեր Գաբրիել քահանա Վարդանյան (ֆոտոշարք)

Մեր կյանքի խարիսխը դարձնե՛նք աստվածատուր պատվիրաններն ու պատգամները. Տեր Գաբրիել քահանա Վարդանյան (ֆոտոշարք)

MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը շարունակում է ներկայացնել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավորներին:

Այսօրվա մեր ֆոտոշարքի հերոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսուչ Տեր Գաբրիել քահանա Վարդանյանն է.

«Այսօր ամենքս ապրում ենք Քրիստոսի հաղթության ուրախությունը և քաջալերվում Նրա հաղթանակով. «Քաջալերվեցե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին (Հովհ. 16:33)։ Քրիստոսի Հարության հաղթությամբ ամենքս ոգեշնչվում ենք՝ հաղթահարելու համար կյանքի դժվարին փորձությունները։ Այո՛, մեր կյանքը լեցուն է փոթորկուն մարտահրավերներով, սակայն դրանց հաղթահարման ճանապարհին մարդը միայնակ չէ։ Մեր՝ քրիստոնյաների, զենքը և հաղթության գրավականը Հարուցյալ Փրկչի ներկայությունն է մեր կյանքում։

Հետևաբար՝ առավելաբար պիտի զորանանք Քրիստոսով, հավատանք Նրա հաղթանակին, և այդ հավատը պիտի քաջալերի մեզ և հաղթանակով առաջնորդի դեպի սիրո, խաղաղության և բարության նավահանգիստը. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ...ձեր սրտերը թող չխռովվեն, և չվախենաք» (Հովհ. 14:27)։ Շարունակե՛նք վստահել Բարի Նավապետի՝ Քրիստոսին և մեր կյանքում առավել ևս  արմատավորե՛նք Նրա փրկչական պատվիրանները։ 

Մեր կյանքի խարիսխը  դարձնե՛նք աստվածատուր պատվիրաններն ու պատգամները, և այդ ժամանակ Աստված երբեք չի լքի մեզ, այլ մշտապես կառաջնորդի մեզ, կլինի մեզ հետ և մեր մեջ։ Իսկ այս պարագայում հաղթությունն ու խաղաղությունը կլինեն անխուսափելի»։