Աստծուն հետևել նշանակում է հետևել սեփական երջանկությանը. Տ. Մովսես քահանա Սահակյան (ֆոտոշարք)

Աստծուն հետևել նշանակում է հետևել սեփական երջանկությանը. Տ. Մովսես քահանա Սահակյան (ֆոտոշարք)

MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը շարունակում է ներկայացնել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավորներին:

Այսօրվա մեր ֆոտոշարքի հերոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան Պետական և հասարակական կառույցների հետ հարաբերությունների գրասենյակի պատասխանատու, արժանապատիվ Տ. Մովսես քահանա Սահակյանն է:

«Աստծուն հետևել նշանակում է՝ հետևել սեփական երջանկությանը:

Մարդ երջանիկ է, երբ խաղաղ է իր հոգին, իսկ խաղաղությունը գալիս է այն դեպքում, երբ ներսդ լցված է սիրով։ Ոչ այն սիրով, որ լոկ զգացում է ենթադրում, այլ այն սիրով, որը դրդում է քեզ պայքարի, հոգատարության և  զոհողության հանուն անանձնական արժեքների՝ ընկերոջ, ամուսնու, ծնողի, զավակի, Հայրենիքի և Եկեղեցու սրբության։ 

Այդ սիրո լավագույն դրսևորումներից է ծնողի սերը, որից դրդված, քո կատարելագործման համար նա կարող է քեզ  անգամ պատժել, բայց հետո երկար ժամանակ ցավ գզալ իր սրտում՝ քեզ նեղացնելու համար։

Սերը, համաձայն առաքյալի խոսքի, համբերող է և քաղցրաբարո, չի նախանձում, չի գոռոզանում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում և երբեք չի անհետանում (հմմտ. Ա Կորնթ. 13։4-8)։ Սա է իրական սերը, որ գալիս է Աստծուց, ով Ինքը սերն է (Ա Հովհ. 4:8) և Պարգևիչը բոլոր բարիքների։ Բոլոր նրանք, որ հետևում են Աստծուն, առնվազն,  պիտի զգացած լինեն Նրա սիրո ջերմությունը, որ տաքացնում է հոգին, խաղաղություն հաստատում ներաշխարհում և հանգստություն՝ սրտում, մտքում: Սա բնական է, քանզի ինչպես ցուրտ ձմեռանը, երբ դուրսն ես մնում, սառնությունն է պատում քեզ՝ տեղ-տեղ մահվան աստիճան, բայց երբ գնում ես դեպի կրակը և սկսում ես զգալ նրա ջերմությունը, դողը թողնում է մարմինդ, իսկ ներսդ՝ լցվում է ուրախությամբ և հանգստությամբ»։