Մարտի 29-ի հանրահավաքը չի հարում որևէ քաղաքական ուժի

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նախաձեռնությամբ, մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ ի պաշտպանություն բռնի տեղահանված արցախցիների իրավունքների։
«Երեկ խոսում եմ ԱՄՆ իմ ընկերների հետ, հարցնում են՝ «հավանաբար վերադարձի իրավունքի մասի՞ն է խոսքը»: Ասում եմ՝ ո՛չ, սիրելիս, բոլոր իրավունքների, որ ամեն օր ոտնահարվում են պետական ամենաբարձր մակարդակով»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է արցախցի ակտիվիստ Արմինե Ավագյանը, ով միաժամանակ կոչ է անում իր ընկերներին միանալ ու կանգնել արցախցի քույր-եղբայրների կողքին:
«Դժվար է մարդկանց բացատրել, որ խոսքը միայն աջակցության խնդիրը չէ, ամսական 50 հազար դրամների տրամադրման գործընթացը չէ։ Մեր իրավունքները միայն անտեսված չեն, այլ՝ ոտնահարված։ Մեզանից յուրաքանչյուրն ունի իր խնդիրը, որը միայն ներանձնական չէ, վախենամ, որ այսպես շարունակվելու դեպքում՝ նույն խնդիրների առաջ կկանգնեն նաև Հայաստանի մեր հայրենակիցները։ Մեզ համար այսօր առաջնային է հավաքական վերադարձի հարցը, Բաքվում պահվող ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, պետական մակարդակով արցախցիների հանդեպ խտրական վերաբերմունքի ու ատելության խոսքի դրսևորումները, բնակապահովման ծրագրի դյուրինացումը ու այսպես շարունակ»։
Մեր զրուցակիցը նաև հիշեցնում է, որ տեղահանությունից հետո սա առաջին մեծ հանրահավաքը կլինի։ Մինչ այդ, փոքր խմբերով բարձրացվել են թե՛ գերիների և թե՛ անհետ կորածների ճակատագրերին վերաբերող հարցեր։
«Ամենակարևորը, որ ուզում եմ ընդգծել, և որը, վստահ եմ, ամենաշատն է հուզում մեր հայրենակիցներին՝ այս նախաձեռնությունը չի հարում որևէ քաղաքական ուժի։ Սա համընդհանուր որոշված քայլ է, որտեղ կհավաքվենք ու կներկայացնենք բոլորիս հուզող խնդիրները։ Հայաստանը մեզ առել է իր պաշտպանության տակ, բայց տեսնում ենք այն նեգատիվ վերաբերմունքն ու անտարբերությունը, որն իրականացնում է Հայաստանի իշխանությունը։ Ամենապարզ օրինակը՝ ոստիկանների կողմից Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգման դեպքն է, իշխանության կողմից ցուցաբերվող բացարձակ անտարբերությունը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան