Պապիկյանը, Աբազյանն ու խոսող, բայց ոչինչ չասող պաշտոնյա կանայք․ Փաշինյանի կառավարության ուժային «բովանդակությունը»

Պապիկյանը, Աբազյանն ու խոսող, բայց ոչինչ չասող պաշտոնյա կանայք․ Փաշինյանի կառավարության ուժային «բովանդակությունը»

Նիկոլ Փաշինյանի կառավարության հատկապես կին անդամները կարող են ժամերով խոսել, բայց ոչինչ չասել։ Այդպիսին է, օրինակ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ոչ մի խնդրի վերաբերյալ ռեալ լուծում առաջարկող պատասխան չի տալիս, բայց ժամերով կարող է խոսել խնդրի մասին։ 

Նրանից ավելի վատ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն է։ Նա անգիր արած գերազանցիկ ուսանողի նման ժամերով խոսում է, ինչ-որ մտքեր է հայտնում, իրավաբանական բարդ ու խուճուճ տերմիններով խեղդում է իր խոսքն ու իրեն լսողների ականջները, երկար-բարակ նրան լսում, լսում ես ու այդպես էլ մի հստակ միտք չես կարողանում դուրս բերել նրա խոսքից։ Էլ չենք ասում, որ որպես լրագրող՝ անհնար է նրա արտահայտած բարդ ստորադասական ու երկարաշունչ նախադասություններից որևէ վերնագիր առանձնացնել, որովհետև տիկին նախարարը որևէ հարցի հստակ պատասխան չի տալիս։

Լրագրողները հստակ խնդիր են մատնանշում, բարձրաձայնում են իր համակարգում եղած խնդիրների մասին, նախարարը լսում է, հաստատում, որ իր ղեկավարած ոլորտում, իսկապես, կան այդպիսի խնդիրներ, ու սկսում է պատմել, թե որն է այդ խնդիրների պատճառը։ Իսկ բուն լուծման մասին՝ ոչ մի խոսք։ Առհասարակ, այս կառավարության պաշտոնյաները ավելի շատ խոսող են, քան գործ անող։ Մեջները պրակտիկ մեկը չկա, որ բարձրացված հարցին լուծում տա կամ գոնե ասի, թե ինչպես է պատկերացնում այդ լուծումը։ ՆԳ նախարարին հարցնում ես ոստիկանների կողմից քաղաքացուն խոշտանգելու մասին, նա ասում է՝ այո, այդպիսի տեղեկություններ կան, բայց քննություն է ընթանում, ոչինչ չի կարող ասել։ Մինչդեռ կարող էր ասել՝ ինքը հետաքրքրվե՞լ է, թե ովքե՞ր են եղել այդ ենթադրյալ խոշտանգողները, խոսե՞լ է այդ ոստիկանների հետ։ Տիկին Սարգսյանը ինչ-որ խուճուճ մտքեր է արտահայտում, որից այդպես էլ որևէ բան պարզ չի դառնում։ Առհասարակ, նրան ինչ հարցնում էին, ասում էր՝ քննություն է ընթանում։

Բավական է նայել այսօր ԱԺ-ում Արփինե Սարգսյանի ելույթն ու հետո լրագրողների հետ ճեպազրույցը, և կհամոզվեք, որ նա ժամերով խոսում է, բայց ոչինչ չի ասում։ 

Ուժային բլոկի կանանցից արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանն էլ մի առանձին երևույթ է։ Նա էլ ոչինչ չի ասում և ոչ թե Արփինեի նման ժամերով խոսելով ու բովանդակային որևէ միտք չարտահայտելով, այլ ուղղակի հարցերին չպատասխանելով։

Նա էլ էր այսօր ԱԺ-ում, և համաձայնեց իր պաշտոնավարման օրվանից ի վեր առաջին անգամ կանգնել ու պատասխանել լրագրողների հարցերին, բայց ոչ մի հարցի այդպես էլ չպատասխանեց։

Լրագրողներն ուղիղ հարցրին՝ ի՞նչ է անում իր ղեկավարած կառույցն, օրինակ, Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների խոշտանգման հարցերով, տիկին Քրիստիննեն հայտարարեց, որ իրենց կառույցը, այո, ինչ-որ բան անում է, մասնավորապես՝ համապատասխան տվյալներ է հավաքագրում, դրանք ներկայացնում քաղաքական ղեկավարությանը և․․․ այսքանը։ Թվում էր՝ հիմա պետք է ասի, թե ինչ տվյալներ են հավաքագրել, բայց լրագրողի այդ հարցին ի պատասխան սույն ուժային տիկինը մուննաթ եկավ, թե՝ «ձեր հարցը կոռեկտ չէ»։ Այսինքն՝ իր պատասխանը, որում ոչ մի բովանդակություն չկար, կոռեկտ է, բայց այ լրագրողի հարցը, որ ուզում է այդ պատասխանում որևէ բովանդակություն գտնե, կոռեկտ չէ՞։ 

Նույն կերպ հետաքրքրվեցին՝  որո՞նք են Նիկոլ Փաշինյանի հայտարարած այն երկրները, որոնք Թուրքիայից և Ադրբեջանից բացի ՀՀ անկախությանը և պետականությանը վտանգ են ներկայացնում։

«Իմ պատասխանը հնչում է հետևյալ կերպ՝ ՀՀ անկախությանը և սուվերենությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից»,- ասաց Քրիստինեն Գրիգորյանը և այդպես էլ չասաց, թե որոնք են այդ երկրները։

Լրագրողները փորձեցին համոզել, բացատրել, հասկացնել տիկին հետախույզին, որ ինքը պարտավոր է հայտնել այդ երկրների անունները, բայց իրավաբան տիկինը կա՛մ այդպես էլ չհասկացավ, կա՛մ հասկացավ ու անդրդվելի մնաց։

Ուժային կանանցից բացի այսօր ԱԺ-ում էին նաև ուժային տղամարդիկ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ Նրանք, ի տարբերություն ոչինչ չասող կանանց, մի քիչ ավելի բովանդակային ու նաև կոռեկտ գտնվեցին լրագրողների հարցերին պատասխանելիս։ Իհարկե, դժվար է ասել, որ նրանց պատասխանները գոհացնող էին, հատկապես, որ նույն Պապիկյանը ուղիղ հնչած հարցին՝ Սոթքում կրակոցներ եղե՞լ են, թե՞ ոչ, այդպես էլ հստակ պատասխան չտվեց, և կեսից նորից «թռավ» լրագրողներից, բայց նրա «չպատասխանից» էլ ահագին բան պարզ է, որ «եղել են, բայց չեն կարող այդ մասին պաշտոնապես բարձրաձայնել» կամ այն կրակոցները չեն եղել, որոնց մասին արժե հրապարակավ խոսել հիմա։

Արմեն Աբազյանն էլ, որ նախկինում լրագրողների հետ շփվելու «սովորություն» չուներ, այսօր կանգնեց ու մի քանի հարցի համբերատար պատասխանեց, վերջում էլ ոչ թե թռավ, այլ քաղաքավարի հեռացավ։ Ու թեև նրա պատասխաններն էլ մեծ մասով գոհացնող չէին, բայց կոնկրետ մի հարցում գոնե ուղիղ բովանդակություն կար։ Օրինակ՝ գերիների վերադարձի մասով իրենց կատարած քայլերին վերաբերող հարցի պատասխանում․ «Այդ պատասխանը կարա լինի, ու ձեզ չգոհացնի, որովհետև այս պահին հաջողություն չունենք»։

Աբազյանն ուղիղ խոստովանեց, որ քայլեր արել են, բայց դրանք ապարդյուն են անցել, դեռևս  որևէ հաջողություն չունեն, հետևաբար՝ մեծ հույսեր պետք չէ ունենալ այս հարցում։

Վստահաբար՝ Արփինե Սարգսյանը սրան կտար երկար-բարակ պատասխան, որ իրենք, իհարկե, բայցևայնպես, այնուամենայնիվ և համենայնդեպս կատարում են որոշակի քայլեր, հետո էլի մի քանի երկարաշունչ նախադասություն ու էլի զրո պատասխան՝ անգամ ակնարկի տեսքով։ Քրիստիննե Գրիգորյանն էլ ուղղակի կասեր՝ «այդ ուղղությամբ աշխատանք կատարելը մեր մանդատի շրջանակներում է» և վերջ, անգամ չէիր իմանա՝ աշխատանք կատարե՞լ են, թե՞ ոչ։ 

Ու այս մարդիկ այսօր գերատեսչություններ, այն էլ՝ ուժային գերատեսչություններ են ղեկավարում, և սա սեռի հետ կապ չունի՝ կի՞ն են, թե՞ տղամարդ։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ո՛չ կանայք են մի բան, ո՛չ՝ տղամարդիկ։ 

Վահե Մակարյան