Ադրբեջանի ուզածը հանքն է, բնապահպանական պահանջ չկա․ Կաշենի հարակից գյուղի բնակիչ

Ադրբեջանի ուզածը հանքն է, բնապահպանական պահանջ չկա․ Կաշենի հարակից գյուղի բնակիչ

Կաշենի հանքի շահագործումը մեզ որևէ կերպ չի խանգարում, բնությունը չի աղտոտվում, չգիտեմ, թե ադրբեջանցիների ուզածն ինչ է։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Մարտակերտի Կաշենի հանքավայրի հարակից գյուղերից Ճանկաթաղի  բնակիչներից մեկը՝ խոսելով Լաչինի միջանցքը փակելու և ադրբեջանցի, իբրև բնապահպանների պահանջի մասին։

Բնակչի խոսքով հիմա իրենց համայնքում խնդիրներ չկան։ «Սննդի պարենի խնդիր դեռ չկա, մեր ունեցածով ապրում ենք»։

Հարցին, թե համայնքից քանի բնակիչ է աշխատում Կաշենի հանքում, վերջինս պատասխանեց՝ բավականին։ «Երբեք մենք բողոք չենք ունեցել, թե հանքը բնություն է աղտոտում։ Իրենց ուզածը հանքն է, բնապահպանական հարց այստեղ չկա»։

Խոսելով այն թեմայի մասին, թե Իլհամ Ալիևը Կաշենի հանքը վաճառել է անգլիացիներին, վերջինս արձագանքեց, որ իրենք էլ մամուլից են տեղեկացել այդ մասին, բայց սա աբսուրդ է իրենց համար։ 

«Ո՞նց կարող է հանքը Ադրբեջանինը լինի, որ իրենք էլ վաճառեն։ Հանքը պարզապես մոտ է սահմանին, Ալիևն էլ ասում է՝ Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ, հանքն էլ Արցախում է, դրա համար ասում է, թե իրենցն է, բայց բոլորս էլ գիտենք, որ նման բան չկա»,-ասաց նա։ 

Հիշեցնենք, որ արդեն չորս օր է՝ ադրբեջանցի, իբրև թե, բնապահպանները փակել են Լաչինի միջանցքը՝ դժգոհելով, որ նախօրեին իրենց Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում դիտարկում անցկացնելու հնարավորություն չի տրվել։

Լիաննա Թորոսյան