Օրենքը դեռ չենք ընդունել, տարվա վերջին օրենք ընդունենք տարվա սկզբի՞ համար․ Բագրատյանը կիքս էր գտել

Ազգային ժողովում այսօրվա նիստին ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանը ներկայացրեց «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Նախագծով առաջարկում են սահմանել, որ 2024 թվականի հունվարի 1-ից հետո թափուր պաշտոնները զբաղեցնելու համար, եթե չունեն պատրաստում անցած, հավաստագիր ստացած թեկնածուներ, ապա այդ պաշտոնը կարող է զբաղեցվել այլ անձի հետ քաղծառայության օրենքով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, բայց ոչ ավել, քան մեկ տարի ժամկետով։ Սա, ըստ էության, անում են, որ կարողանան թափուր մնացած պաշտոնները համալրել, եթե համապատասխան պաշտոնի համար հավաստագիր ու պատրաստություն անցած թեկնածուներ չգտնվեն։

Պատգամավորներից միայն ՔՊ-ից Սերգեյ Բագրատյանը հարց ուներ, որը նկատել էր որոշման նախագծում տեղ գտած կիքսը։ Նա նշեց, որ նախագծի հոդվածում 3-ում նշված է, որ սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

«Բայց օրենքը դեռ չենք ընդունել, այսինքն՝ հիմա օրենքը ընդունենք, ասենք՝ տարվա վերջին օրենք ընդունենք տարվա սկզբի՞ համար, ո՞նց եք սա մեկնաբանում»,- հարցրեց Բագրատյանը։

Արտյոմ Սմբատյանը մի պահ չիմացավ՝ ինչպես մեկնաբանի, և ընդամենը ասաց, որ կարող են դա դիտարկել և մինչև երկրորդ ընթերցում փոխել ժամկետը, օրինակ՝ նշել փետրվարի 1-ից, որ իրավական տեսանկյունից ճիշտ լինի։

Փաստորեն, եթե պատգամավորը չնկատեր նախագծում թույլ տված կիքսը, ՊԵԿ նախագահի տեղակալը այդպես՝ հետին թվով նախագիծ էր ընդունել տալու, մյուս պատգամավորներն էլ սուսուփուս քվեարկելու էին և ընդունեին։

Մանրամասն՝ տեսանյութում

Վահե Մակարյան