Հայաստանյան հիվանդանոցներում սուր շնչառական վարակներով քանի՞ պացիենտ կա

Հայաստանյան հիվանդանոցներում սուր շնչառական վարակներով քանի՞ պացիենտ կա

Սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվությունը շարունակում է աճել։ Հանրապետության բոլոր մարզերում վարկման բազմաթիվ դեպքեր են արձանագրվում, իհարկե, ըստ պաշտոնակա տվյալների ակտիվությունն ավելի բարձր է Երևանում, Արարատի, Կոտայքի և Սյունիքի մարզերում։

«Հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ մնում է նույն մակարդակի վրա»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի վարակման դեպքերն ավելի շատ են։

«Փետրվարի 8-ի դրությամբ՝ ՀՀ հիվանդանոցներում ՍՇՎ-ներով 709 պացիենտ ունենք հոսպիտալացված։ Թոքաբորբով հոսպիտալացած պացիենտների թիվն էլ 329 է։ Նշենք, որ թոքաբորբով հոսպիտալացվածների 60%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են։ ՍՇՎ-ներով հոսպիտալացվածների 87%-ն են կազմում մինչև 18 տարեկանները»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։

Վերակենդանացման բաժանմունքում փետրվարի ութի դրությամբ բուժում է ստանում 68 պացիենտ, որից 88%-ը կրկին երեխաներ են։

«Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, ապա մենք տվյալներ չենք հավաքագրում ու չենք ներկայացնում»,- ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք թոքաբորբի դեպքերը քովիդով չեն պայմանավորված, Եվգենյա Խաչատրյանը պատասխանեց՝ լաբորատոր հետազոտությունը կարող է դա ցույց տալ։

«Իսկ թոքաբորբը կարող է նաև ՍՇՎ-ի սրացման դրսևորում լինել։ Հատկապես, որ դեռևս գրիպի H3N2 տեսակը շարունակում է տարածվել»,- նշեց նա։

Հարցին, թե արդյո՞ք այս ամենով պայմանավորված հնարավոր է անցնենք դիմակների պարտադիր կրման ռեժիմին, մեր զրուցակիցը պատասխանեց՝ նշելով, որ նման կանխատեսում որևէ մեկը չի կարող անել։

«Ամենօրյա և ամենշաբաթյա դիտարկումներ ենք իրականացնում, և ժամանակը ցույց կտա՝ ինչ անհրաժեշտություն կա»,- ամփոփեց խոսքը մեր զրուցակիցը։

Նարե Գնունի