Հայտնաբերվել է աղիքի քաղցկեղի զարգացման նոր գործոն

Sun Yat-sen University-ի (Չինաստան) գիտնականները պարզել են, որ նյութափոխանակության GPT1 ֆերմենտի մակարդակի նվազումը հրահրում և արագացնում է կոլոռեկտալ քաղցկեղի զարգացումը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine (STM) ամսագրում:
Գիտնականների տվյալներով՝ կոլոռեկտալ քաղցկեղն աշխարհում երրորդ ամենատարածված քաղցկեղն է։ Այս հիվանդությունն ամենից հաճախ ազդում է տարեցների վրա, սակայն վերջին տասնամյակներում այն սկսել է «երիտասարդանալ»։ Կոլոռեկտալ քաղցկեղի հայտնի ռիսկի գործոնները ներառում են աղիների բորբոքային հիվանդությունները, վատ սննդակարգը, անառողջ սովորությունները, ցածր ֆիզիկական ակտիվությունը և գիրությունը: Այնուամենայնիվ, նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ֆերմենտների անհավասարակշռությունը կարող է լինել հիվանդության զարգացման թաքնված գործոն:
Ֆերմենտները սպիտակուցային նյութեր են, որոնք կարևոր դեր են խաղում մարմնի տարբեր կենսաքիմիական գործընթացներում: Այս նյութերից մեկի՝ GPT1-ի (գլուտամատ-պիրուվատ տրանսամինազ 1) մակարդակի նվազումը բնորոշ է կոլոռեկտալ քաղցկեղին։
Հիվանդությունների պաթոգենեզում GPT1-ի դերը ավելի լավ հասկանալու համար թիմը ուսումնասիրել է կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդների նորմալ և ուռուցքային հաստ աղիքի հյուսվածքները, ինչպես նաև նրանց ադենոմաները (բարորակ ուռուցքներ): Արդյունքները ցույց են տվել, որ GPT1-ի անբավարարությունը փոխկապակցված է ավելի վատ կլինիկական արդյունքների հետ: Պարզվել է նաև, որ այս ֆերմենտի պակասը արագացնում է ինվազիվ կոլոռեկտալ ուռուցքների զարգացումը։
Հետազոտողների կարծիքով, GPT1-ը սովորաբար ճնշում է ադենոմայից ուռուցքի առաջացումը՝ արտադրելով α-կետօղլուտարատ կոչվող նյութափոխանակության մոլեկուլ: Այն արգելակում է WNT ազդանշանային ուղին՝ խանգարելով չարորակ ուռուցքների զարգացմանը:
Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ պոլիումոզիդ կոչվող միացությունը կարող է ճնշել ուռուցքի աճը՝ ակտիվացնելով GPT1-ը: Գիտնականների կարծիքով՝ այս հայտնագործությունը կարող է հիմք հանդիսանալ աղիների քաղցկեղի բուժման նոր մեթոդների համար։