Գոռի հայրը շինարար է, վերջերս արագ սննդի կետ է բացել, որ տղան վերադառնալուն պես աշխատացներ, պատրաստվում էր նաև մեքենա գնել։
MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց Գոռ Մարտիրոսյանի դասընկերներից մեկի մայրը՝ Արաքս Ամիրխանյանը։
Գոռ Մարտիրոսյանն այն 15 զինծառայողներից մեկն էր, ով հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից զոհվեց։
«Գոռը շատ խելացի, բարի, համեստ, կազմակերպված, հրաշք տղա էր, ինչու ոչ՝ նաև շատ ամոթխած, լավ անձնավորություն էր»,-ասաց Արաքս Ամիրխանյանը։
Գոռ Մարտիրոսյանը Դիլիջան քաղաքից է, ծնվել է 2003 թվականին, նկարչություն էր սովորում։ Մտերիմները պատմում են, որ գեղեցիկ նկարներ, քանդակներ, գծապատկերներ էր անում։
«Շատ լավ ընտանիքում է մեծացել, փոքր քույր ունի, ով 10-րդ դասարանում է սովորում։ Մայրը՝ Ռուզաննան, հրաշալի կին է, հրաշալի անձնավորություն, ինձ հետ է աշխատում՝ թխվածքի արտադրամասում»,-պատմեց Արաքս Ամիրխանյանը։
Գոռ Մարտիրոսյանի դասընկերներից մեկի մայրն էլ՝ Էդիտա Մնացականյանը, Գոռին բնութագրում է համեստ, խելացի ու բարի երիտասարդ։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել են 15 զինծառայողներ, վիրավորվել են 3-ը։
Շուշանիկ Միսկարյան