#Նիկոլnews: ո՞ր երկրներում են ՀՀ դեսպանատները «ինչ-որ շենքի միջանցքներում»․ ԱԳՆ պարզաբանումը

#Նիկոլnews: ո՞ր երկրներում են ՀՀ դեսպանատները «ինչ-որ շենքի միջանցքներում»․ ԱԳՆ պարզաբանումը

MediaHub-ը մեկնարկում է նոր՝ #Նիկոլnews խորագիրը, որում կներկայացնենք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու դրանց հետքերով տրված պարզաբանումները:

Օրերս Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ուշագրավ հայտարարություն արեց. «Շատ տեղերում մեզ թվացել է, որ շատ ուժեղ համայնք ունենք, ուժեղ դեսպան ունենք, բայց պարզվել է, որ մեր դեսպանատունը մի շենքի միջանցք է։ Այդտեղ մենք նորմալ շենքեր ենք ձեռք բերում, որպեսզի երկիրը ներկայանալի լինի»:

Այս հայտարարությունը Փաշինյանն արեց նոյեմբերի 16-ին, ԱԺ ամբիոնից։ Ո՞ր երկրների մասին է խոսքը, այդ որտե՞ղ մենք չունենք ներկայանանալի դեսպանատուն կամ հյուպատոսություն։

Հարցերի պատասխանը Փաշինյանը չհնչեցրեց, ուստի MediaHub.am-ը փորձեց պարզել ՀՀ ԱԳՆ-ից։ Ստորև ներկայացնում ենք մեր հարցերն ու դրանց տրված պատասխանները։

- Ո՞ր երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը չունի առանձին շենք-շինություն և տարածք, ու տեղակայված է ինչ-որ շենքի միջանցքում։

- Հայտնում ենք, որ խնդրո առարկայի վերաբերյալ պարզաբանում ներկայացնել նպատակահարմար չենք համարում։

- Ընդհանրապես, աշխարհի քանի՞ երկրում ՀՀ-ն ունի դիվանագիտական ներկայացուցչություն՝ դեսպանատներ և հյուպատոսություններ։

- 2021 թվականի դրությամբ ՀՀ-ն արտերկրում ունի հավատարմագրված 43 ռեզիդենտ դեսպան, ովքեր համատեղության կարգով հավատարմագրված են ընդհանուր առմամբ 30 երկրում։ Ինչպես նաև արտերկրում գործում են ՀՀ 10 գլխավոր հյուպատոսություն և 53 պատվավոր հյուպատոսություն։

Ու քանզի ԱԳՆ-ն այս կարևոր հարցին, թե ո՞ր երկրում է ՀՀ-ն նման անշուք ու անվայել ներկայացված, այդպես էլ չպատասխանեց, կարող ենք ենթադրել, որ պարզապես հերթական անգամ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի կողմից ուղղակի սկանդալային հայտարարություն հնչեցնելու սովորության հետ, որի հիմքում ոչինչ չկա:

Նարե Գնունի