Ինչո՞ւ Պեմզաշենի սպանությունների որոշ փորձաքննության արդյունքներ 16 օր անց դեռ չեն ստացվել․ ՔԿ-ից պարզաբանում են

Ինչո՞ւ Պեմզաշենի սպանությունների որոշ փորձաքննության արդյունքներ 16 օր անց դեռ չեն ստացվել․ ՔԿ-ից պարզաբանում են

MediaHub-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն խոշորացված համայնքում տեղի ունեցած դաժան սպանություններից հետո նշանակված մի քանի փորձաքննությունների արդյունքներ դեպքից 16 օր անց դեռեւս չեն ստացվել։

Մեզ, մասնավորապես, հետաքրքրում էր՝ սպանությունների մեջ մեղադրվող ենթադրյալ կասկածյալներից Արկադի Բարսեղյանի մեքենայի մեջ հայտնաբերված արյան հետքերի դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որի առնչությամբ դիմեցինք ՀՀ Քննչական կոմիտե։ Գերատեսչության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ մի շարք փորձաքննություններ են նշանակված, նորություն լինելուն պես հանրությանը հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի, այլ կերպ ասած՝ փորձաքննության արդյունքները դեռ չեն ստացվել։

Մոր եւ նրա երկու անչափահաս երեխաների սահմռկեցուցիչ սպանությունները հասրակության շրջանում վախի զգացում ու բազմաթիվ կասկածների տեղիք են տվել։ Վարույթն իրականացնող մարմինը, մեր դիտարկմամբ, պետք է շահագրգռված լինի հնարավորինս շուտ ստանալ փորձաքննությունների եզրակացությունները։

Մեր տեղեկություններով փորձագիտական կենտրոնների գերծանրաբեռնվածությունն է պատճառը, որ սպանություններից 16 օր անց գործով առանցքային նշանակության փաստերը դեռեւս չեն հաստատվում։ Ավելի վաղ գրել էինք, որ Պեմզաշենում դաժան սպանության գործով անցնող եւ իր մեղավորությունը չընդունող 42-ամյա Արկադի Բարսեղյանի վարած մեքենայում արյան հետքեր են հայտնաբերվել։ Այս պահին իրավապահ մարմինները սպասում են դատաբժշկական փորձաքննության արդյունքներին։

Հիշեցնենք, նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել. սեփական տանը գտել էին 31-ամյա բնակչուհու և վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու մարմինները: Մահացածներն են մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։

Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը՝ Վրոյւր Բարսեղյանը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաեւ հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։

Լիա Սարգսյան