Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո ընտրատեղամասի դիմաց լրագրողները Նիկոլ Փաշինյանին դիտարկում ներկայացրին, թե ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը նշել է, որ ձգտում են հասնել այն կետին, որն իրական որոշում է Հայաստանի կողմից դառնալ Արևմուտքի գործընկերը՝ ի հակադրություն Ռուսաստանի և հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ՀՀ-ն Վաշինգտոնի այս մտադրությանը ծանոթ է։
«Մենք ուշադիր հետևում ենք մեզ առնչվող բոլոր հայտարարություններին և ըստ անհրաժեշտության արձագանքում ենք։ ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը թափանցիկ է և ես չեմ կարծում, որ նման ձևակերպումները տեղին են։ ՀՀ-ն չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել այն իմաստով, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միշտ կողմնորոշված է ըստ Հայաստանի պետական շահերի»,-պատասխանեց Փաշինյանը։
Հարցին, թե ի՞նչ բովանդակությամբ նամակ է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, վերջինս պատասխանեց․
«Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում ես իրադրության մեր գնահատականն եմ ներկայացրել, այն, ինչ ներկայացրել եմ այս տարվա մեր 7-8 հեռախոսային խոսակցությունների ընթացքում։ Մեր հրապարակային և աշխատանքային խոսույթի բովանդակությունը շատ չի տարբերվում։ Նամակները չեն հրապարակվում, բայց դուք գիտեք դրա բովանդակությունը»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում