Հայոց ցեղաuպանությունը պետք է մնա ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում․ Սաֆրաստյան

Հայոց ցեղաuպանությունը պետք է մնա ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում․ Սաֆրաստյան

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ՀՀ արտաքին գործերի նախարարության թիվ 1 առաջնահերթություններից չէ»,- երեկ ԱԺ-ում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ ՀՀ ԱԳՆ-ի թիվ 1 առաջնահերթությունը Հայաստանի շուրջ խաղաղության և կայունության ապահովումն, իսկ այդ շրջանակում առաջին ուղղությունն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն է։

Արարատ Միրզոյանի դիտարկմամբ՝ պատմաբանների ուսումնասիրության տիրույթում է այս հարցը, իսկ ԱԳՆ-ն այլ անելիքներ ունի։

Ի՞նչ վտանգներ է պարունակում տասնյակ տարիներ պատմական արդարություն պահանջող Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի նման հայտարարությունը, արդյո՞ք մենք այլևս պահանջատեր չենք և արդյո՞ք ներում ենք Թուրքիային․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։ 

«Հայ պատմաբաններն ու ցեղասպանագետներն այս առումով անելիք ունեն, այո։ Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, որպեսզի հիմնավորված ներկայացնենք մեր հիմնավորումներն ու մոտեցումները, որոնք հիմնվում են պատմական արդարության, պատմական իրողության վրա։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր ձայնն ավելի լսելի դառնա աշխարհում։ Սա շատ կարևոր խնդիր է մասնագետների համար»,- մեզ հետ զրույցում նշեց Ռուբեն Սաֆրաստյանը՝ արձագանքելով մտքին, թե ցեղասպանության հարցը պատմաբանների դաշտում է։

Բայց դա, ըստ թուրքագետի, չի նշանակում, որ ՀՀ ԱԳ նախարարության օրակարգից պետք է դուրս գա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։

«Ես կարծում եմ, որ չպետք է հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլեր անելուց։ Դա շատ կարևոր հարց է մեզ համար, քանի որ մենք, պայքարելով Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար, ըստ էության, գտնվում ենք ժամանակակից աշխարհի ավանգարդում։ Ցեղասպանությունը՝ որպես երևույթ, ծանրագույն հանցագործություն է մարդկության դեմ, և շատ կարևոր է, որ կանխարգելվեն ցեղասպանությունները, իսկ դրա համար էլ խիստ կարևոր է, որ արդեն եղած ցեղասպանությունները ճանաչվեն ու դատապարտվեն։ Այդ առումով խիստ կարևոր է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»,- նկատեց Սաֆրաստյանը։

Ըստ թուրքագետի՝ ուղղակի չի կարելի արտաքին քաղաքականության օրակարգից հանել այդ հարցը, հատկապես այն պարագայում, երբ տասնամյակներ շարունակ հատկապես սփյուռքի պայքարի արդյունքում երեք տասնյակ պետություններ ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ 

«Իհարկե, իմ կարծիքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է լինի մեր արտաքին գերատեսչության միակ առաջնահերթությունը, քանի որ հիմա անվտանգային խնդիրներ ունենք, բայց այս խնդիրն էլ չպետք է աչքաթող անենք»,- շեշտեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Հարցին, թե արդյո՞ք այս և նմանատիպ հայտարարությունները չեն փակում նաև արցախահայերի ցեղասպանության հարցը բարձրացնելու ճանապարհը, թուրքագետը պատասխանեց՝ արցախահայության ցեղասպանության հարցն այլ պայքարի խնդիր է։

«Մենք այստեղ էլ պետք է ջանքեր գործադրենք, բայց ցեղասպանություն է, էթնիկ զտում է․ նախ դա պետք է գիտական առումով հստակեցնենք։ Շատ կարևոր է, որ մենք տարբերենք ցեղասպանություն և էթնիկ զտում եզրույթները, դրանք հայեցակարգային տարբեր հիմքեր ունեն»,- ամփոփեց խոսքը Ռուբեն Սաֆրաստյանը։

Նարե Գնունի