«Նիկոլ Փաշինյանի կենաց-մենաց չի եղել»․ ինչո՞ւ է նախկինների սիրելի Ջեմբերջին մասնակցել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքին

«Նիկոլ Փաշինյանի կենաց-մենաց չի եղել»․ ինչո՞ւ է նախկինների սիրելի Ջեմբերջին մասնակցել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքին

Երեկ մի խումբ գործարար տղամարդիկ, որոնք իրենց համարում են «հաջողակ», ռեստորաններից մեկում մասնակցում էին Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած «հաջողակ տղամարդկանց հետ» ընթրիքին։ Այդ «հաջողակ տղամարդկանցից» մեկն էլ սփյուռքահայ գործարար, Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի վաղեմի մտերիմ ընկեր, Սրբազանի հետ նկարված, ընդդիմադիր շարժումներին աջակցող Գաբրիել Ջեմբերջին էր։ 

MediaHub-ն այսօր հետաքրքրվեց նրանից, թե ի՞նչն էր դրդել իրեն՝ մասնակցել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքին։ 

«Ի՞նչ տարբերություն, հայրենիքի համար, երբ որ․․․ Ես աշխատել եմ երեք նախագահներուն հետ ալ, հիմա էլ կաշխատիմ, ըսենք թե, ներկա կառավարության հետ, և եթե այս կառավարությունն ալ փոխվի՝ հինգերորդ կառավարությունը գա, նորեն կաշխատիմ հետը»,- ասաց նախկինների սիրելի բարերարը։

 

-Բայց կարծես թե Դուք ընդդիմադիր հայացքներ ունեք, ընդդիմության հետ եք։

-Ես ընդդիմադիր հայացքներ․․․ Երբ որ մարդկային շահերու և ռեսուրսներու բարձրացման մասին է, ընդդիմադիր հայացք չկա։ Ես բնավ ներկա կառավարության էրածներուն բան չեմ, բայց ասիկա բարեսիրական բան մըն է։

-Դուք ներկա կառավարության ի՞նչը չեք, ընդդիմախո՞սը, թե՞ ֆանատը։

-Ես ներկա կառավարության կեցվածքը չեմ գնահատել, ու ես երբեք քաղաքականության չեմ խառնըված։

-Բայց Դուք Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի մտերիմ ընկերն էիք, հիմա էլ Բագրատ Սրբազանի հետ եք մտերիմ։

-Ես շատերու հետ մտերիմ եմ, ներկա կառավարության անդամներու հետ ալ մտերիմ եմ, ադիկա չի նշանակե, օր իրենց միտքին կամ իրենց գործունեությանը բան կենեմ։

-Իսկ ինչ-որ կենացներ հնչե՞լ են այդ հավաքույթին, օրինակ՝ Դուք ի՞նչ կենաց եք խմել։

-Հիմա, ինչ կենաց, որ խմվեցավ, բոլորին կենացն ալ խմվել է։

-Իսկ Նիկոլ Փաշինյանի կամ Աննա Հակոբյանի կենացը խմվե՞լ է։

-Նիկոլ Փաշինյանի կենաց-մենաց չի եղել։

-Իսկ չէի՞ք մտածում, որ Ձեզ կքննադատեն այդ ընթրիքին մասնակցելու համար։

-Հիմա, այդ քննադատողը մեկ հոգիմ, որ կա, ադ ալ իր գործն է, թող էրթա քննադատե։

-Բայց Դուք ընդդիմության հետ միշտ լավ եք եղել, միշտ աջակցել եք ընդդիմադիր շարժումներին։

-Վնաս չունի, Բագրատ Սրբազանին հետ ալ լավ եմ եղել, Սերժ Սարգսյանին հետ ալ, Ռոբերտ Քոչարյանին հետ ալ, Լևոն Տեր-Պետրոսյանին հետ ալ, ով որ շիտակ բան մը կենե, ադոնց կողքին եմ։

-Իսկ Սերժ Սարգսյանը կամ Բագրատ Սրբազանը չե՞ն նեղանա Ձեզանից, որ մասնակցել եք այդ ընթրիքին։

-Չեմ կարծեր։ Ամենն ալ իրենց քաղաքականությունն ունի։

-Իսկ Ձեզ համար հաճելի՞ էր նստել մի սեղանի շուրջ և մասնակցել մի ընթրիքի, որի կազմակերպչի ամուսինը այսքան աղետ է բերել մեր հայրենիքի գլխին, օրինակ՝ Արցախը, որի համար Դուք այդքան բարեգործություններ եք արել, հանձնել է Ադրբեջանին։

-Եթե այդպես մանրուքներին նայենք, երկիրը չի զարգանա, ամեն ինչի մեջ քաղաքականություն պիտի չմտցնենք։ Ես տիկին Ռիտա Սարգսյանի հետ ալ աշխատել եմ, Հայ զինվորի տունին համար արած ունեմ, որտեղ քիչ մը բարեսիրություն կա, այնտեղ աշխատած ենք։ 

-Իսկ ո՞ւմ հետ էր ավելի հեշտ աշխատել, Ռիտա Սարգսյանի՞, թե՞ Աննա Հակոբյանի։

-Ով որ բարի գործ կենե, հաճելի է հետը աշխատել։

Վահե Մակարյան