Վաչագան Ղազարյանը կալանավորվեց երկու ամսով

Վաչագան Ղազարյանը կալանավորվեց երկու ամսով

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է  Վաչագան Ղազարյանի նկատմամբ ՀՀ ԱԱԾ քնչական գլխավոր վարչության ներկայացրած միջնորդությունը՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը՝ 2 ամիս ժամկետով։ Այս մասին MediaHub-ին հայտնեց փաստաբան Մհեր Հակոբյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Վաչագան Ղազարյանին ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) մեղադրանք է առաջադրվել այն արարքի կատարման համար, որ նա, 2008-2018 թվականներին զբաղեցնելով Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: 

Հիշեցնենք, 2018 թվականի հունիսի 20-ին Վաչագան Ղազարյանի Տերյան փողոցի բնակարանում հայտնաբերվել էր 35 միլիոն դրամ, 1.110.400 դոլար, 230.500 եվրո: Իսկ հունիսի 25-ին Ղազարյանը Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից կանխիկացրել էր 50.000 ԱՄՆ դոլար, Չարենցի փողոցում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ-ից՝ 120.000 ԱՄՆ դոլար և 436 միլիոն դրամ: Դրամական միջոցները կանխիկացնելուց անմիջապես հետո նա բերման է ենթարկվել ազգային անվտանգության ծառայություն, որտեղ նշված գումարները հայտնաբերվել և առգրավվել են: